Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ադրբեջանի հետ հակամարտության սրումը լուրջ ռիսկ է անվանել Հայաստանի տնտեսական հեռանկարների համար։ Բանկի փորձագետների կարծիքով՝ Հայաստանում իրավիճակի վատթարացման ռիսկերի կարևոր աղբյուր են մնում աշխարհաքաղաքական իրադարձությունները։
«Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր Ռուսաստանի մեկուսացումը արևմտյան շուկաներից կարող է բացասական երկարաժամկետ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար», – նշվում է ՎԶԵԲ-ի զեկույցում։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանները պնդում են, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացման առաջընթացը միջնաժամկետ հեռանկարում կարող է տնտեսական դիվիդենտներ բերել Հայաստանին։
ՎԶԵԲ-ի մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2023 թվականին շարունակել է ցուցաբերել բացառիկ ուժեղ արդյունքներ, սակայն դանդաղման առաջին նշաններն արդեն նկատելի են։ «Հայաստանի տնտեսության երկնիշ աճն աստիճանաբար մարում է։ Այսպիսով, ակնկալվում է, որ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կկազմի 6,5 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 4,5 տոկոս»,- եզրակացրել են ՎԶԵԲ-ի վերլուծաբանները։