«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Վերին Լարսի անցակետում հայկական բեռների կուտակումներին՝ հայտնելով, որ կան կոնյակով բեռնված ավտոմեքենաներ, որոնք արդեն 3 ամիս է՝ Լարսում են։ Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմը Լարսում կոնյակի որակի հետ կապված ստուգումներ է իրականացնում։
«Ստուգումների այդ կարգը դեռ գարնանից է եղել, ուղղակի հիմա ավելի են խստացրել։ Այսինքն՝ ստուգվել են կոնկրետ արտադրողների կոնկրետ ապրանքային նշանների կոնյակներ, որոնք, ըստ ռուսական կողմի որոշ հիմնավորումների, կարող են ենթադրաբար կեղծ լինել։ Բավականին մեծ ստուգումներ են արվել և շատ խնդիրներ են եղել։ Թեպետ սկզբից կոնկրետ արտադրողների կոնկրետ կոնյակներ են ստուգել, հետո, տեսնելով, որ իրավիճակը չի լավանում, անցել են բոլոր արտահանողների բոլոր բրենդներին։ Սա է պատճառը, որ հիմա կուտակումներն ավելի են մեծացել»,- հայտնել է Ստեփանյանը։
Նա չի բացառել, որ խստացումները կարող են պայմանավորված լինել նաև քաղաքական դրդապատճառներով։
«Մենք, այո՛, խնդիրներ ունենք՝ կապված որակի, փաստաթղթերի, սերտիֆիկատների հետ։ Միգուցե հենց քաղաքական պատճառով ինչ-որ ժամանակահատվածում այդ ամենի վրա աչք է փակվել։ Հիմա, գուցե, կրկին քաղաքական պատճառով որոշել են այլևս աչք չփակել և, այսպես ասած, օրենքը կիրառել ամբողջ խստությամբ։ Զուգադիպություն է, թե ոչ, բայց մենք քաղաքական բաղադրիչի առկայությունը չենք բացառում։ Չի բացառվում, որ իրավիճակը կարող է պայմանավորված լինել ՀՀ-ի և ՌԴ-ի՝ այսօրվա լարված փոխհարաբերություններով։ Մեծ հաշվով՝ այս ամենը նման է մի վարորդի բողոքին, որը ճանապարհային կանոնները հաճախ խախտում է, բայց հանկարծ սկսել է բողոքել, որ դրա համար իրեն տուգանում են»,- ընդգծել է Ստեփանյանը։
Նա չի բացառել, որ իրավիճակի նման շարունակության դեպքում այլ ապրանքներ ևս կհայտնվեն ուշադրության կենտրոնում։
«Հայ արտադրողներն, ամեն դեպքում, պետք է լուրջ աշխատեն որակի վրա։ Մեծ հաշվով՝ ՌԴ-ն հիմա անում է այն, ինչ Հայաստանը պետք է աներ 30, 20 տարի առաջ։ Խոսքն արտադրանքի որակին խիստ հետևելու մասին է։ Մի քանի արտադրողի պատճառով հիմա արդեն բոլոր կոնյակ արտադրողներն են հայտնվել Ռուսաստանի տեսադաշտում։ Թեպետ ստուգումների կարողությունը ՌԴ-ում քիչ է, բայց հիմա դրանք շատացել են։ Հայկական բեռները Լարսի ճանապարհին կարող են մնալ մինչև 2 ամիս։ Կան բեռներ, որոնք արդեն մի քանի ամիս է՝ Վերին Լարսում կամ անցակետի մոտակայքում սպասում են։ Այս ամենի ազդեցությունն ու վնասները չափելի են․ օրական վնասն արտահանողները մինչև 500 դոլար են գնահատում։ Եթե 100 տոկոսանոց մաքուր կոնյակ էլ արտահանենք, փաստ չէ, որ ՌԴ-ն խոչընդոտներ չի ստեղծի։ Այդուհանդերձ՝ պնդում եմ, որ մեր խնդիրների զգալի մասը մենք ենք ստեղծել։ Ռուսաստանի հետ առևտուր անելիս՝ քաղաքական բաղադրիչն ուղղակի չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նա։
Հոկտեմբերի 3-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ Լարսում 60 բեռնատար է կանգնած, ռուսական կողմն ստուգում է բոլոր հայկական կոնյակները:
Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Վահան Քերոբյանը հայտնեց, որ նախորդ օրվա ընթացքում արդեն մի քանի տասնյակ բեռնատար է անցել Լարսի անցակետը։
Աննա Բադալյան