Մենք կարծում ենք, որ նախագիծը խիստ բացասական հետևանքներ կարող է առաջացնել և․ ըստ էության, մենք տոտոլ վերահսկողության դաշտում ենք հայտնվում, ինչը չի կարող իրավաչափ և ժողովրդավարական լինել, «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վտանգները ներկայացնելիս ասաց «LSA law firm» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը գուցե լավ է տեսչական մարմինների համար, սակայն այն համաչափ չէ, քանի որ վստահության մթնոլորտի պակաս է ստեղծում գործարար միջավայրի համար։
Անվտանգության առումով գուցե ամենաբարձր մակարդակում Հս․Կորեան է, սակայն այդ անվտանգային միջավայրից երկրի զբոսաշրջության մակարդակը չի բարելավվում, նշեց փաստաբանը։ Նրա խոսքով՝ եթե որևէ ներդրող որոշի ներդրում կատարել ու կշեռքի նժարներին դնի Հայաստանն այլ երկրների հետ, ապա կարող է որոշում կայացնել, օրինակ, Հունաստանում կատարել այդ ներդրումը Հայաստանի փոխարեն, քանի որ այդ երկրում հսկողությունն այսպիսին չէ։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հուլիսի 15-ին տեղեկացնում էր, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Կոմիտեն պետք է քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը ներկայացներ հանրային քննարկման: