Հայաստանն ու Իրանն ավելի քան 200 մլն դոլարի ներդրումային ծրագրի պայմանագիր են ստորագրել, որը նպաստելու է Հյուսիս-հարավ ծրագրի կյանքի կոչմանը, լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։
Ըստ ՀՀ ՏԿԵ նախարարության՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների
հաշվին, շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա
ընթացքում։
«Շուտով գործարկվելու է ճանապարհի շինարարությունը։ Նմանատիպ աշխատանքներ իրականացվում են նաև այլ երկրներում։ Մենք այսօր պարոն նախարարի (ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան-խմբ․) հետ խոսեցինք նաև ճանապարհավճարների մասին։ Ճանապարհավճարների հարցը շատ կարևոր է։ Որքան մենք կարողանանք կրճատել ճանապարհավճարները և զրոյացնենք դրանք, ապրանքներն ավելի մատչելի գնով կհասնեն։ մենք այս հարցով քննարկում ենք ունեցել, ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ ճանաարհավճարները հասնեն զրոյի։ Նախարարը խոստացավ, որ ճանաարհավճարների առումով ՀՀ-ում համապատասխան օրենսդրական գործընթացներ կլինեն»,-ասաց իրանցի նախարարը՝ շեշտելով, որ դա շատ արդյունավետ կլինի երկու երկրների տնտեսական հարաերությունների համար։
Նա հայտնեց, որ նաև քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամուրջը ստեղծելու հարցը։
«Գործող կամուրջը շատ հին է, և թողունակությունը շատ քիչ է։ Մենք այդ կամրջի կառուցման ուղղությամբ պայմանավորվածություն ենք ձեռք երել։ ՀՀ-ն շատ կարևոր է մեզ համար։ ՀՀ-ն մեր հարևանն է և կարող է շատ առանձքային դերակատարություն ունենալ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում։ Երկու երկրներն այդ միջանցքի կառուցման շուրջ կոնսենսուս ունեն»,-հավելեց նախարարը։
ՏԿԵ նախարարությունից մանրամասնել են պայմանագրի շրջանակները։
Այն ուղղված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգմանը, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցմանը։ Նշվում է, որ կողմերը կարևորել են պայմանագրի կնքման փաստը, որը, ըստ հայտարարության, նպաստելու է Հյուսիս-հարավ ծրագրի կյանքի կոչմանը։
«Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով։ Նախատեսված է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։