ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է տնտեսական ոլորտում հայ-իրանական վերջին պայմանավորվածությունները։
Պարսյանը բարձր է գնահատել Հյուսիս-հարավ ծրագրի չորրորդ տրանշին մասնակցելու Իրանի որոշումը, մասնավորապես, երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող Մեղրի-Վարդանիձոր ճանապարհի մի հատվածի և Հայաստան-Իրան նոր կամուրջի կառուցումը, որը ճանապարհը կկրճատի մոտավորապես կես ժամով:
Նրա խոսքով՝ կարևոր է նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում ընդունված որոշումը՝ զրոյացնել բեռնափոխադրումների ճանապարհային տուրքերը, որոնք միջինում կազմում էին մոտավորապես 250 դոլար: Որոշման արդյունքում ապրանքները սպառողներին կհասնեն շատ ավելի ցածր գներով։
«Այս ծրագրերը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային բաղադրիչ ունեն։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ ունի 1000-ամյակների քաղաքակրթական սահման, որն անխախտելի է: Այս խոշոր նախագծերի համատեղ իրականացումը կամրապնդի հայ-իրանական սահմանի անվտանգությունը։ Սա նաև մեսիջ է Թուրքիային, Ադրբեջանին և տարածաշրջանի մյուս երկրներին, որ Իրանը թույլ չի տա կյանքի կոչել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը»,- նշել է տնտեսագետը։
Պարսյանն ընդգծել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Հայաստանն ու Իրանը, ըստ նրա, տարիներ շարունակ փորձում են իրականացնել երկկողմ ծրագրեր, որոնք, ի թիվս այլ խնդիրների, ուղղված են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։ Որպես այդպիսին՝ Պարսյանը նշել է Իրան-Հայաստան գազատարի կառուցումը և իրանական գազի դիմաց հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումը Իրան, Մեղրիի ՋԷԿ-ի կառուցման նախագիծը:
«Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ կա, բայց մինչև վերջերս այդ ներուժի միայն չնչին մասն էր օգտագործվում»,- նշել է տնտեսագետը։
Իրավիճակը, ըստ նրա, էապես փոխվել է 2019 թվականին, երբ Իրանն ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել ԵԱՏՄ այն երկրների հետ, որի անդամ է Հայաստանը։ Այդ համաձայնագրով հնարավոր է Իրան արտահանել և այդ երկրից ներմուծել շուրջ 300 տեսակի ապրանք՝ զրոյական մաքսատուրքով։
«Այս համաձայնագրի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ։ Ցավոք, այս ուղղությամբ կատարված աշխատանքը ծայրաստիճան անբավարար է և՛ Հայաստանի, և՛ Իրանի կողմից»,- ասել է փորձագետը
Նրա խոսքով՝ ծրագրերը երկար տարիներ իրականացվել են չափազանց դանդաղ տեմպերով, որի վառ օրինակն է Հյուսիս-հարավ ծրագրի իրականացումը: Այն կազմում է մոտ 2 մլրդ դոլար, մինչ օրս իրականացվել է ընդամենը 10%-ով, մինչդեռ նախատեսվում էր ավարտել դեռ 2019 թվականին։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հոկտեմբերի 23-ին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել էր Հայաստանի և Իրանի կողմից բեռնափոխադրումների համար ճանապարհային տուրքերը զրոյացնելու որոշման մասին։ Նա նաև հայտնել էր, որ Թեհրանը և Երևանն աշխատանքային խումբ կձևավորեն Արաքս գետի վրայով սահմանային նոր կամուրջ կառուցելու համար։ Բազրփաշը հայտնել էր նաև, որ Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի վերաբերյալ, որը կնպաստի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմանը։