Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ 2023-ին հարկային եկամուտները 15%-ով ավելացել են, Ազգային ժողովում 2024թ. բյուջեի նախագծի հանձնաժողովային քննարկումների ժամանակ հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականին հարկային եկամուտները 2 տրլն 566 մլրդ դրամի շրջակայքում են:
«2023-ի հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 617 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահավատվածի համեմատ ավելի է 211 մլրդ դրամով (15%): Կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում նշված ժամանակահատվածում բյուջեին հաշվեգրվել է լրացուցիչ 34.1 մլրդ դրամ հարկ»,- մանրամասնել է նա:
Անդրադառնալով նորարարական համակարգերի ոլորտում կատարվող աշխատանքներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ բարելավվում է պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակման գործընթացը, կատարելագործվել է երրորդ անձանցից ստացված տեղեկությունների մշակման էլեկտրոնային համակարգը, ավտոմատացվում է պետական գնումների գործընթացում ՊԵԿ-ին առնչվող և իրականացվող գործառույթների իրագործումը, ստեղծվել է պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ, ապահովվում է ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման գործընթանցերի իրագործումը, զարգացնում են մեծ ծավալի տվյալների ժամանակակից շտեմարանների մշակման գործիքակազմը, գործարկվել է ֆիզիկական անձանց համար էլեկտրոնային ծառայությունների նոր հարթակ և այլն: