ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկող մշտական հանձնաժողովների նիստում հայտարարել է, որ վարչապետի աշխատակազմի համար 2024թ․ բյուջեի նախագծով առաջարկվում է 24 մլրդ 572 մլն դրամ ծախս, որից 3,8 մլրդ դրամը կազմում են կապիտալ ծախսերը, իսկ ընթացիկ ծախսերը՝ 20 մլրդ 770 մլն դրամ, ինչը 4,7 մլրդ դրամով ավելին է, քան նախորդ տարի։
«Վարչապետի աշխատակազմն իրականացնում է 11 ծրագիր, ունի 51 միջոցառում»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսվող գումարը։ Ըստ նրա՝ ծախսերը կազմում են 1 մլրդ 771 մլն դրամ, որոնք հիմնականում ապարատային ծախսեր են։
«Այստեղ 85 մլն դրամ ունենք կապիտալ ծախսերի համար նախատեսված։ Ըստ էության՝ նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմում է 85 մլն դրամ։ Ունենք 1 ծրագիր և 2 միջոցառում»,- նշել է նա։
Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ավելացել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսավորումը։ Ըստ նրա՝ 2024թ․ բյուջեի նախագծով առաջարկվում է 7 մլրդ 262 մլն դրամ, որը 195 մլն դրամով ավելին է, քան նախորդ տարի։
«Այստեղ ևս հիմնականում ապարատային ծախսեր են։ Ունեն 1 ծրագիր և 7 միջոցառում։ Կապիտալ ծախսերին ուղղվելու է 367 մլն դրամ, ընթացիկ ծախսերին՝ 6 մլրդ 895 մլն դրամ»,- նշել է նախարարը։
Սահմանադրական դատարանի ծախսը կազմում է 844 մլն դրամ, նախատեսված է ապարատային 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ։ 2023թ․ համեմատ բյուջեն պակասել է 22 մլն դրամով։
«Այստեղ կապիտալ ծախս ունենք տեխնիկական հագեցվածության համար, որը կազմում է 8 մլն 650 հազար դրամ»,- նշել է նա։
Հաջորդը Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի ծախսերը՝ նշելով, որ բյուջեն կազմում է 18 մլրդ 928 լն դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացումը կազմում է 2 մլրդ 242 մլն դրամ։
«Հիմնական մասն ընթացիկ ծախսեր են։ Կապիտալ ծախսերին կուղղվի 1 մլրդ 92 մլն դրամ։ Իրականացվում է 1 ծրագիր՝ 25 միջոցառումներով»,- նշել է նախարարը։
Արդարադատության նախարարությանը նախագծով առաջարկվում է 23 մլրդ 156 մլն դրամ, որը 2 մլրդ 202 մլն դրամով ավելի քիչ է, քան 2023 թվականին։
«Կապիտալ ծախսերը կազմում են 462 մլն դրամ, ընթացիկ ծախսերը՝ 22 մլրդ 694 մլն դրամ։ Արդարադատության նախարարությունն իրականացնում է 7 ծրագիր և 24 միջոցառում»,- մանրամասնել է Հովհաննիսյանը։
Դատախազությանը 2024թ․ բյուջեով առաջարկվում է 10 մլրդ 53 մլն դրամ, որը նախորդ տարվա բյուջեից ավել է 2 մլրդ 430 մլն դրամով։ Կապիտալ ծրագրեր չկան, միայն ընթացիկ ծախսեր են։ Իրականացվում է 3 ծրագիր և 4 միջոցառում, որոնք են փորձաքննության ծառայությունները, դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն, մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում։
Պետական վերահսկողական ծառայությանն առաջարկվում է 956 մլն դրամ, որը 477 մլն դրամով քիչ է նախորդ տարվանից։ Կապիտալ ծախս կա 4 մլն 693 հազար դրամի չափով, մյուս մասն ընթացիկ ծախսեր են։ Իրականացվում է 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ, որոնցից մեկն ընթացիկ ծրագիր է, երկուսը՝ կապիտալ։
Քննչական կոմիտեին առաջարկվում է 17 մլրդ 462 մլն դրամ, որը 4 մլրդ 478 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ Կապիտալ ծրագրերի համար 257 մլն դրամ է նախատեսվում։ Կիրականացվի 1 ծրագիր և 6 միջոցառում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին 412 մլն դրամ է նախատեսվում, որը 340 մլն դրամով պակաս է նախորդ տարվա բյուջից։ Դա պայմանավորված է նրանով, որ 2023թ․ պլանավորված էին կապիտալ ծախսեր, որոնք իրականացվել են և 2024-ին դրա անհրաժեշտությունը չկա և կապիտալ ծախսեր նախատեսված չեն։ Կիրականացվի 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ։
Հակակոռուպցիոն կոմիտեի բյուջեն կկազմի 3 մլրդ 695 մլն դրամ, որը 389 մլն դրամով ավելին է 2023թ․ մակարդակից։ Ապարատային ծրագրեր են։ Կան կապիտալ ծրագրեր՝ 76 մլն դրամի չափով։ Իրականացվում է 1 ծրագիր, 4 միջոցառում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեն կազմում է 984 մլն դրամ։ Այն 425 մլն դրամով պակաս է 2023 թվականից։ Կան կապիտալ ծրագրեր՝ 463 մլն դրամի չափով և ընթացիկ ծրագրեր՝ 521 մլն դրամի չափով։ Իրականացվում է 1 ծրագիր և 4 միջոցառում։
«463 մլն դրամը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառում է, որը նախատեսում է իրականացնել շենքի վերակառուցման աշխատանքներ»,- եզրափակել է Վահե Հովհաննիսյանը։
Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի
Հայաստանի առևտրային բանկերը դեկտեմբերի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 390,66 դրամ միջին գնով և վաճառում 398 դրամով, տեղեկանում ենք Rate.am...