Հայաստանի կառավարությունը Եվրասիական զարգացման բանկից 100 մլն դոլար վարկ կվերցնի, ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Ֆինանսների նախարարության նախագծին։
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր կկնքվի, որի նպատակահարմարությունը, ըստ նախագծի, պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Ելնելով 2023թ փոխառության տարեկան ծրագրից՝ 2023-ին ֆինանսավորման ընդհանուր պահանջը կազմում է 745.2 մլրդ դրամ, որի 65.2%-ը նախատեսվել է ներքին աղբյուրներից ներգրավված փոխառու միջոցների հաշվին, իսկ 34.8%-ը՝ արտաքին փոխառությունների հաշվին։
Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, գնահատվում է տարեկան 300-350 մլն ԱՄՆ դոլար։
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկի ներգավման գործընթաց։