Ամերիկայի Միացյալ Նահանգներում «Սև ուրբաթ»-ը մեկնարկում է Գոհաբանության տոնի ուրբաթ օրը, որից սկսվում է ամանորյա զեղչերի ավանդական տոնավաճառը։ Գոհաբանության օրը նշվում է նոյեմբերի 4-րդ ուրբաթ օրը, այդ իսկ պատճառով «Սև ուրբաթ»-ն իրականացվում է նոյեմբերի 23-30-ն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանում «Սև ուրբաթ»-ը կմեկնարկի վաղը՝ նոյեմբերի 24-ին։
Այդ օրը խանութները բացվում են շատ շուտ՝ առավոտյան մոտ ժամը 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին։ Առաջին գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր՝ 50-ից մինչև 80%-ի սահմաններում։
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն այս տարվա «Սև ուրբաթ»-ից և արդյո՞ք հավատում են հայտարարված զեղչերի իրական լինելուն։
Հարցված քաղաքացիների մեծ մասը դրական գնահատեց «Սև ուրբաթ»-ը՝ նշելով, որ հավատում է հայտարարված զեղչերին։
Քաղաքացիներից մեկը նշեց, որ օրվա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չունի․ «Սև ուրբաթին առանձնահատուկ վերաբերմունք չեմ ցուցաբերում և տարբերություն չի լինում, թե երբ եմ օգտվում խանութներից»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացու համոզմամբ՝ «Սև ուրբաթ»-ը պարզապես լավ պլանավորված մարքեթինգային քայլ է․ «Ես չեմ հավատում, քանի որ այն լավ պլանավորված մարքեթինգային քայլ է՝ ուղղված մարդկանց հիմարեցնելուն»,- նշեց նա։
Հարցման մասնակիցներից մեկն էլ նշեց, որ արդեն սկսել է գնումները․ «Արդեն սկսել եմ գնումներ կատարել։ Կան (զեղչեր), գնումներ կատարում ենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև՝ Armenia Today-ի խմբագիրներն ACBA բանկի փորձագետների հետ միասին պատրաստել են առաջարկություններ, որոնք կօգնեն խուսափել անցանկալի ծախսերից «Սև ուրբաթ» և «Կիբեր երկուշաբթի» օրերին, ինչպես նաև կանխել խարդախների կողմից քարտային տվյալների գողությունը։