Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ կան, խնդիր է առաջացել հատկապես շուտ փչացող ապրանքների առումով: «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ին պատմել է անցակետում տիրող իրավիճակի ու հայ տնտեսվարողների խնդիրների մասին՝ հայտնելով, որ հայկական բեռնափոխադրող ընկերությունները դժվարությունների առաջ են կանգնել։
Նա տեղեկացրել է, որ այս պահին չի կարող հստակ ասել, թե քանի բեռնատար է կուտակված անցակետում, բայց նշել է, որ արձագանքներ են ստանում արտադրողներից, ներմուծողներից ու բեռնափոխադրողներից։
«Հիմա մի քանի խնդիր կա․ եղանակային պայմաններ, իրական խախտումներ, քաղաքական դրդապատճառներ։ Այս երեք հանգամանքները միախառնվել են, և կուտակումների պատճառներն այս առումով կարող են տարբեր լինել։ Ինչպես ասում են՝ «ամեն ինչից մի քիչ կա»»,-հայտնել է Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ կան բեռնատարներ, որոնք մի քանի ժամում են անցնում Լարսի անցակետը, կան բեռնատարներ՝ 1 կամ 2 օր։
«Ստուգող մարմինները յուրաքանչյուրի նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառում՝ կարող են մեկին շուտ բաց թողնել, մեկին՝ ուշ։ Իրականում՝ ավելի երկար անցնում են հավաքական, այսինքն՝ մի քանի բեռնափոխադրողների բեռները։ ՌԴ-ն, առհասարակ, տնտեսական քաղաքականության մեջ նաև քաղաքական բաղադրիչն է հաշվի առնում։ Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները, բնականաբար, արտացոլվում են նաև Վերին Լարսում։ Երբ գալիս է, օրինակ, փափուկ կամ կոշտ որոշում կայացնելու հերթը, Վերին Լարսում քաղաքական իրավիճակի հետևանքով նախապատվությունը տրվում է կոշտ որոշումներին։ Եթե այս ամենից առաջ փոքր թերություններն անտեսվում էին, հիմա չեն անտեսվում․ քաղաքական ֆոնն անդրադառնում է մեր բեռնափոխադրողների վրա։ Կարծում եմ՝ այս իրավիճակը որքան շարունակվի, այնքան ավելի դժվար է լինելու։ Մեծ հաշվով՝ Վերին Լարսում առաջացած խնդիրները, կուտակումները համահունչ են հայ-ռուսական քաղաքական իրավիճակին, հարաբերություններին»,- հավելել է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիրը։
Ստեփանյանի խոսքով՝ լարված քաղաքական հարաբերություններին զուգահեռ՝ լարվելու է իրավիճակը նաև տնտեսական հատվածում, մասնավորապես՝ Վերին Լարսում։
«Ստեղծված իրավիճակն անակնկալ չէր, ավելին՝ գնալով ավելի վատ է լինելու։ Ընդ որում՝ այս տարի մեր շատ բեռնափոխադրողներ խուսափել են շուտ փչացող ապրանք արտահանել, որովհետև ռիսկերը մեծ են, իսկ գնի մեջ չես կարող բոլոր ռիսկերը հաշվի առնել։ Օրինակ, եթե հինգ բեռներից մեկի սնունդն ամբողջությամբ փչանա, նշանակում է՝ ամեն ինչ անիմաստ էր։ Իրականում՝ ամեն ինչ իր գինն ունի, այդ թվում՝ քաղաքական դեմարշները, որոնց համար հիմա վճարում ենք։ Բայց եթե պետությունը բիզնեսին ստիպում է շուկաները փոխել, պետք է հասկանա, որ դրդելով չէ, պետք է նաև ֆինանսական վնասները փոխհատուցել։ Այսինքն՝ քաղաքական որոշումներ կայացնելիս պետք է հոգ տանել, որ բիզնեսը չտուժի։ Մինչդեռ բեռնափոխադրողների ու արտահանողների մասով նման ոչ մի միջոցառում ՀՀ-ում չի իրականացվում»,- եզրափակել է Ստեփանյանը։
Նոյեմբերի 26-ին Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ, մասնավորապես, շուտ փչացող ապրանքների վերաբերյալ տեղեկությունը փոխանցել է համապատասխան կառույցներին։
Աննա Բադալյան