Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նա հորդորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք դնել:
«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ»,- գրել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների վերաբերյալ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ, մասնավորապես, շուտ փչացող ապրանքների վերաբերյալ տեղեկությունը փոխանցել է համապատասխան կառույցներին։
«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ին պատմել էր անցակետում տիրող իրավիճակի ու հայ տնտեսվարողների խնդիրների մասին՝ հայտնելով, որ հայկական բեռնափոխադրող ընկերությունները դժվարությունների առաջ են կանգնել։