ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակման իրավիճակում քաղաքական պատճառների առկայության հարցը։
«Քաղաքական հարց կա, թե ոչ, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Եթե դրանք ստանան տևական բնույթ և դա դառնա վերաբերմունք հայկական ապրանքների նկատմամբ, ապա խուսափել քաղաքական հարցադրումներից չի լինի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բեռնատարների զգալի մասի կուտակումը պայմանավորված է եղանակային պայմաններով։
«Բեռնատարների զգալի մասը սահմանին է եղանակային վատ պայմանների պատճառով, հիմնականում՝ ձյան։ Ինչպես գիտեք, սևծովյան շրջաններում ուժեղ քամիներ և ձնաբքեր են և, հիմնականում, Վրաստանում կանգնած են հենց այդ պատճառով»,- նշել է նա։
Պապոյանի խոսքով՝ մոտ 3 տասնյակ մեքենաներ կանգնած են ֆիտոսանիտարական փորձաքննության արդյունքներին սպասելու պատճառով։ Նա նշեց, որ մի քանի ամիս առաջ նմանատիպ խնդիր առաջացավ կոնյակի մատակարարման հետ կապված, որը հետագայում լուծվեց։ Պապոյանն ընդգծեց նաև, որ այս պահին անցակետով անցնում են բազմաթիվ ոչ պարենային ապրանքներ և որոշ պարենային ապրանքներ։
Պատգամավորն ասաց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և փոխվարչապետներից մեկը ներկայումս ակտիվորեն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։ Պապոյանը կարծիք հայտնեց, որ այս աշխատանքը կտա իր պտուղները։
Նրա խոսքով՝ անարդար է և ճիշտ չէ Հայաստանի պահվածքը ՀԱՊԿ շրջանակներում և տնտեսական բաղադրիչը կապել միմյանց հետ։ Պապոյանն ընդգծեց նաև, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ խնդիր չունի. «Մենք լավ ենք փոխգործակցում, ներմուծում և արտահանում ենք ապրանքներ, Հայաստանի և մեր գործընկերների տնտեսությունը զարգանում է»,- ասաց պատգամավորը։
Պատասխանելով Հայաստանի արձագանքին, եթե ռուսական կողմը խստացնի տնտեսական միջոցները, մասնավորապես՝ կտրելով տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան, գազի գնի բարձրացմամբ և Ռուսաստանի Դաշնություն արտահանման արգելափակմամբ, պատգամավորն ասաց, որ այս դեպքում իմաստ չի տեսնում ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շարունակականության մեջ։ Միաժամանակ նա հույս հայտնեց, որ Մոսկվայի նպատակը Հայաստանին այդ կազմակերպություններից հեռացնելը չէ՝ ընդգծելով, որ տնտեսական ճնշման նման խստացումը մեխանիկորեն կբերի դրան։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր ՀՀ-ից ապրանքների մատակարարման խախտումների թվի ավելացման մասին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի և Սփյուռքի հայերին կոչ էր արել գնել բացառապես Հայաստանում արտադրված ապրանքներ։ Հարությունյանն այսպես էր մեկնաբանել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների հետ կապված իրավիճակը։
Նոյեմբերի 27-ին «Export Armenia» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ին մեկնաբանել էր իրավիճակը Վերին Լարսի անցակետում, որով Հայաստանից բեռները գնում են Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակման հետ կապված իրավիճակը Ստեփանյանը կապել էր Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների հետ։ Ասոցիացիայի համահիմնադիրն ասաց, որ Հայաստանը պետք է փոխի ռուսական շուկան և իրացման շուկաներ փնտրի այլ երկրներում։