ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը, գրել է ՍԱՏՄ-ն տարածած հայտարարության մեջ:
«Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ»,- ասված է հայտարարության մեջ։
ՍԱՏՄ-ի համար մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։
«Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության»,- ասված է հայտարարության մեջ:
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտասրական վերահսկողության դաշնային ծառայության կողմից, հավաստիացնում է գերատեսչությունը։