ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խուսափեց պատասխանել Armenia Today-ի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) և ԵՄ մաքսային ծառայության ներկայացուցիչների Հայաստան կատարած այցի և դրա նպատակների մասին հարցին։ Քերոբյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց այս կառույցների ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու փաստը։
Միաժամանակ նախարարը հայտարարեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից երկրորդային պատժամիջոցների տակ հայտնված հայկական ընկերություններ չկան։
Նա նշեց, որ դա իր ղեկավարած նախարարության աշխատանքի արդյունքն է։ «Դուք գիտեք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Եվ մենք՝ ՀՀ կառավարությունը, փորձում ենք այնպես անել, որ մեր ընկերությունները զերծ մնան երկրորդային պատժամիջոցների տակ ընկնելուց։ Այդ առումով շատ կարևորում ենք նաև համագործակցությունն այդ կառույցների հետ: Բնականաբար, մենք չենք միացել պատժամիջոցներին, բայց մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր ընկերությունները, տնտեսությունը վնաս չկրեն երկրորդային պատժամիջոցների հետևանքով»,- գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբի հետ համատեղ ասուլիսում ընդգծեց նախարարը։
Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց նաև Armenia Today-ի այն հարցին, թե ինչ ծրագրեր է մշակում կառավարությունն արտասահմանյան գիտնականների հետ համագործակցության ուղղությամբ, որոնցից մի քանիսը դեկտեմբերի 1-2-ը կմասնակցեն Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023»-ին։ Նա նշեց, որ մի քանի շաբաթ առաջ կառավարությունը հաստատել է տնտեսապես բարդ ապրանքներ արտադրող ընկերություններին աջակցելու ծրագիրը։
«Այս տեսությունը կազմվել է երկու խոշոր գիտնականնների կողմից, որոնցից մեկը մասնակցելու է «Գիտության և գործարարության օրեր» համաժողովին»,- եզրափակեց Քերոբյանը։
Նոյեմբերի 28-ին Forbes-ը, վկայակոչելով Main Partner Trust-ի տնօրեն Ալենա Սախարովային, հայտնել էր, որ ներկայումս Հայաստանում են գտնվում OFAC հանձնաժողովի (ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակ. վերահսկում է պատժամիջոցների կիրառումը) և ԵՄ մաքսային ծառայության պատվիրակությունը։ Սախարովան ասել էր այս մասին՝ մեկնաբանելով հայկական «Armbrok» բրոքերների կողմից ռուսական հաշիվների փակման մասին հաղորդագրությունը։ Նշված երկու պատվիրակությունների այցը Հայաստան նա կապել էր բանկային և մաքսային կանոնների խստացման հետ։
«Armbrok»-ը, որն աշխատում է նաև ռուսների հետ, նոյեմբերի 29-ին Armenia Today-ին մեկնաբանել էր ոչ ռեզիդենտ բրոքերային հաշիվների փակման մասին հաղորդագրությունները՝ օտարերկրացիների նկատմամբ ներքին պահանջների խստացման պատճառաբանությամբ։ Ընկերությունն սկսել էր կիրառել համապատասխանության և կարգավորող ավելի խիստ քաղաքականություն, ինչը կարող է հանգեցնել որոշ ոչ ռեզիդենտ հաշիվների փակման:
Հաշիվների փակման մասին ծանուցում ստացող օտարերկրացիներից պահանջվում է հաշվից հանել ակտիվները և փակել դրանք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այլ մանրամասներ ընկերությունը չէր հայտնել:
Մանրամասները՝ տեսանյութում։