«ՏաԹևեր»-ը Դուբայում անցկացվող «World Travel Awards» 2023-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում ճանաչվել է հաղթող, հայտնում է նախագծի կայքը:
«Դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի ունեցած World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ պատվավոր մրցանակը ստացավ Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին: Մեզ համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր միջազգային ճանաչում: Այս մրցանակն ամրապնդում է Հայաստանի՝ որպես զբոսաշրջային առաջատար ուղղության կարգավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց քվեարկության արդյունքում հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին:
«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «ՏաԹևի Վերածնունդ» ծրագրի շրջանակներում։
Աշխարհի լավագույն ճոպանուղի անվանակարգում «ՏաԹևեր»-ը հաղթել էր նաև 2021թ.: