ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Armenia Today-ին մեկնաբանել է նվազագույն կենսաթոշակը վերացնելու և կենսաթոշակների հաշվարկման համակարգում փոփոխություններ կատարելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը:
Նոյեմբերի սկզբին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ 2024 թվականի հունվարի 1-ից կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները: Նա նշել էր, որ կփոխվի նաև կենսաթոշակների հաշվարկման համակարգը։
Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նոր համակարգի դեպքում աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիները, փաստացի, ավելի քիչ թոշակ են ստանալու, քան նվազագույն կենսաթոշակն է։
«Յուրաքանչյուր սոցիալական պետությունում կենսաթոշակը ոչ թե պետք է նվազի, այլ առնվազն գնաճին համապատասխան պետք է բարձրանա։ Իշխանությունները մինչ այս գլուխ էին գովում՝ ասելով, թե նվազագույն կենսաթոշակը մոտեցրել են պարենային գծին, և թոշակառուները գոնե նվազագույն պարենային զամբյուղի չափով կենսաթոշակ են ստանում։ Նվազագույն կենսաթոշակի չափի սահմանման իմաստը սա էր։ Հիմա, վերացնելով նվազագույն կենսաթոշակի չափը, փաստացի, աշխատանքային ստաժ չունեցող թոշակառուների կենսաթոշակը կնվազի, որովհետև հիմնական կենսաթոշակի չափն ավելի ցածր է, քան այսօր առկա նվազագույն կենսաթոշակի չափն է։ Հետևաբար, մենք այդ մարդկանց մասով խնդրահարույց կարգավորում կունենանք»,-նշել է Ավետիսյանը։
Պատգամավորի խոսքով՝ գնաճի դեպքում կենսաթոշակները ոչ թե պետք է նվազեին, այլ պետք է բարձրանային։
«Իրենք հաշվարկման համակարգը փոխում են ու ասում, որ այն պետք է որոշակիորեն կապվի աշխատավարձի չափի հետ, բայց մեխանիզմները բավականաչափ լուսաբանված չեն։ Վստահ եմ, որ գաղափարն առաջ տանողը՝ նույն նախարարը, ինքն էլ լավ չի պատկերացնում, թե խոսքն ինչի մասին է։ Ակնհայտ է, որ 2024-ին կենսաթոշակների չափերը չեն բարձրանալու։ Բացի այդ, եթե այսպես շարունակվի, 2024-ին միջին գնաճի ենք ականատես լինելու։ Այս ամենը կոծկելու համար փորձում են մանիպուլացնել՝ հայտարարելով, թե մեխանիզմներ են փոխում, բայց փաստացի կենսաթոշակի չափը չի բարձրանում»,-հավելել է նա։
Վերջինս շեշտել է, որ այս իշխանությունների օրոք միջին գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի աճը գերազանցել են կենսաթոշակների չափերի աճին։
«Հատկապես նվազագույն կենսաթոշակ ստացող և քիչ ստաժ ունեցող թոշակառուների կյանքը գնալով ոչ թե լավացել, այլ ավելի է վատացել, որովհետև իրենց իրական եկամուտները նվազել են։ Նոր համակարգի ներդրմամբ իշխանությունները փորձում են մանիպուլացնել և քողարկել իրենց տված խոստումների չկատարումը․ խոստացել էին, որ թոշակները պետք է բարձրանան, իսկ միջին թոշակները պետք է հասցնեն նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Այսօր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն արդեն 75-76 հազար դրամ է, միջին կենսաթոշակը շուրջ 52% պակաս է այդ թվից։ Իրենց խոստումը կատարելու համար ընդամենը 2 տարի ունեն, բայց 2024-ին հնարավոր չէ, իսկ 2025-ին և 2025 թվականներին անհնար է նման բարձր աճեր ապահովել։ Սա նշանակում է, որ խոստումը չեն կատարելու և այսօրվանից տարբեր շեղող գործողություններով փորձում են չկատարած խոստումները քողարկելու հիմք նախապատրաստել»,-նկատեց պատգամավորը։
Ըստ նրա՝ առաջարկվող նոր մեխանիզմը չի կարող դրական ազդեցություն ունենալ ՀՀ սոցիալական ապահովության համակարգի վրա, քանի որ լուծումներ ամբողջական չեն, կցկտուր են, պոպուլիստական և մանիպուլյատիվ։ Պատգամավորը ՀՀ-ի համար կենսաթոշակային այլ համակարգի անհրաժեշտություն է տեսնում։
«Գնաճի միտումներն ուղղակի ստիպում են, որ կենսաթոշակային համակարգում ինդեքսավորման մեխանիզմ ներդրվի։ Ըստ այդ մեխանիզմի՝ թոշակները պետք է գոնե գնաճին համապատասխան վերանայվեն ու ավելանան։ Մեր խմբակցությունն այս օրինագիծն առաջարկել էր, բայց օրվա իշխանությունը մերժեց այս մոտեցումը»,-եզրափակեց Ավետիսյանը։
Աննա Բադալյան