ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանից 28 կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի և այլ երկրների մի շարք ընկերությունների նկատմամբ, Ria.ru-ի փոխանցմամբ՝ ասվում է ԱՄՆ Առևտրի նախարարության հրապարակած փաստաթղթում։
Արտահանման սահմանափակումների ցանկում ներառվել են 28 կազմակերպություններ Ռուսաստանի Դաշնությունից, չորս ընկերություններ Կիպրոսից, երեքական կազմակերպություններ Հայաստանից և Բելգիայից, ինչպես նաև մեկական ընկերություն Բելառուսից, Չինաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Նիդեռլանդներից և ԱՄԷ-ից։
Հայաստանից ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Արամ Քոչարյանը, Հերմինե Քոչարյանը և Arm-Bekar LLC ընկերությունը։
Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքական շահերին հակասող գործողություններին մասնակցելու կամ օժանդակելու համար»։
Նոյեմբերի 28-ին Forbes-ը, վկայակոչելով Main Partner Trust-ի տնօրեն Ալենա Սախարովային, հայտնել էր, որ ներկայումս Հայաստանում են գտնվում OFAC հանձնաժողովի և ԵՄ մաքսային ծառայության պատվիրակությունները։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խուսափել էր պատասխանել Armenia Today-ի՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) և ԵՄ մաքսային ծառայության ներկայացուցիչների Հայաստան կատարած այցի և դրա նպատակների մասին հարցին։
Մայիսի 19-ին ԱՄՆ պատժամիջոցների ցանկում էր հայտնվել լաբորատոր սարքավորումներ և քիմիական նյութեր վաճառող հայկական Medisar ընկերությունը։