Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, անդրադառնալով թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ, նշել է, որ ատոմակայանը փակելու պլաններ չկան, հայտնել է «Արմենպրես»-ը:
«Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»,- նշել է նա:
Գորսին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է և նրանք լսում են բոլորին:
«Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին, մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարևան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ և հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան դիմել էր ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, իբրև թե վերջինիս սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով՝ թուրք-հայկական սահմանից 16 կմ հեռավորության վրա։