Այս պահին Լարսի անցակետով մեքենաները հիմնականում անցնում են, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին: Նրա խոսքով՝ շաբաթ օրը մեքենաների թողունակությունն արդեն վերականգնվել է:
«Խնդիրներն առաջացել են անցակետում ուժեղացված վերահսկողության արդյունքում, որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ մի քանի մակարդակներում, թե ինչպես կարող ենք այդ խնդիրների լուծման վերաբերյալ աշխատել»,- ասել է նախարարը:
Ըստ նախարարի՝ շատ կարևոր է, որ ՀՀ-ում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ ոչ միայն նրա համար, որ հասանելիությունը շուկաներում լինի ավելի լավ գնով, այլ նաև մեր սեփական հանրության համար, որովհետև դա նախ և առաջ ազդում է հայ ժողովրդի առողջության վրա:
«Մենք վճռական ենք, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ՀՀ-ում արտադրվող ապրանքները դառնան բարձրակարգ, բարձր ստանդարտների: Դրա մասին մենք մեծ տառերով նշել ենք մեր տնտեսական քաղաքականության հայեցակարգում, որը մի քանի ամիս առաջ է ընդունվել»,- ասել է Քերոբյանը:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր ՀՀ-ից ապրանքների մատակարարման խախտումների թվի ավելացման մասին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի և Սփյուռքի հայերին կոչ էր արել գնել բացառապես Հայաստանում արտադրված ապրանքներ։ Հարությունյանն այսպես էր մեկնաբանել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների հետ կապված իրավիճակը։
Նոյեմբերի 27-ին «Export Armenia» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ին մեկնաբանել էր իրավիճակը Վերին Լարսի անցակետում, որով Հայաստանից բեռները գնում են Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակման հետ կապված իրավիճակը Ստեփանյանը կապել էր Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների հետ։ Ասոցիացիայի համահիմնադիրն ասաց, որ Հայաստանը պետք է փոխի ռուսական շուկան և իրացման շուկաներ փնտրի այլ երկրներում։
Մանրամասները՝ տեսանյութում: