Հայաստանն ու Իրանը ոլորտային համագործակցության հուշագիր ստորագրելու պայմանավորվածություն են ձեռք բերել, որը թույլ կտա հայկական կողմին օգտվել իրանական նավահանգիստներից, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նխարարությունը։
Նշվում է, որ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։
Նախկինում Հայաստանը դիմել էր Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստ՝ Հնդկաստանի և ասիական այլ երկրների հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու համար։ Մարտի 23-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան Armenia Today-ի խնդրանքի, հայտարարել էր Հայաստանի հնարավոր մասնակցության մասին նոր տարանցիկ ճանապարհին, որը Հնդկաստանը կմիացնի Եվրոպային։ Ապրիլի 20-ին Երևանում կայացել էին առաջին եռակողմ խորհրդակցությունները Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Մայիսի 19-ին Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Armenia Today-ին տված հարցազրույցում ողջունել էր Չաբահար նավահանգստում ներկայացուցչություն ունենալու Երևանի որոշումը։