Հայաստանը դարձել է տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոնը՝ համաշխարհային խաղացողների առկայությամբ և դինամիկ ստարտափ էկոհամակարգով, գրում է ամերիկյան Forbes ամսագիրը։
«Տարբեր ինդեքսներ ցույց են տալիս Հայաստանը որպես զարգացող տեխնոլոգիական հանգույց Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը հանդիսանում է Խորհրդային Միության առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկի ժառանգությունը. 1960-ականների սկզբին այնտեղ են ստեղծվել ԽՍՀՄ-ում առաջին ընդհանուր նշանակության համակարգիչները»,- գրել է ամսագիրը։
Ըստ Forbes-ի՝ Հայաստանում ինովացիոն ոլորտն ավելի անկախ է դառնում վենչուրային հիմնադրամների և հայազգի ձեռնարկատերերի աջակցության շնորհիվ։
«Նախկինում հայկական ընկերությունները պետք է գնային Սիլիկոնային հովիտ՝ վաղ փուլերում ֆինանսավորում ստանալու համար, [իսկ այժմ] մենք կարող ենք 2-3 միլիոն դոլար հայթայթել հայկական միջոցների օգնությամբ», – ամսագրին ասել է Prelaunch հարթակի գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը։
Հոդվածի հեղինակ Քրեյգ Սմիթը պատմել է Երևանի 90-ականների տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման պատմությունը և ընդգծել Սփյուռքի դերը երկրի տեխնոլոգիական ներուժի վերականգնման գործում։
«Մարդիկ, ինչպիսիք են Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և Apple-ի նախկին տնօրենը և macOS օպերացիոն համակարգի ստեղծող Ավի Թևանյանը, բոլորը կապված են եղել երկրի հետ»,- նշել է նա։ Հոդվածում նշվում է, որ հայերը փոխազդում են՝ օգտագործելով «ցանցային ազգի» մեխանիզմը և մեծապես աջակցում են նորարարությանը։
Forbes-ը նաև տեխնոլոգիական ոլորտի զարգացումն անվանել է Հայաստանի գոյատևման խնդիր։
«Հայաստանի տնտեսական զարգացման ապագան բարձր տեխնոլոգիական, բարձր եկամտաբեր արտադրանքի մեջ է»,- ամսագրին ասել է երկրի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և դա պայմանավորել տնտեսության այլ ոլորտներում երկրի հիմնախնդիրներով՝ պայմանավորված իր աշխարհագրական դիրքով։
Ավելի վաղ Forbes-ը Հայաստանը բնութագրել էր որպես աշխարհի տեխնոլոգիական խաչմերուկ։ 2022 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հայտարարել էր ՏՏ ոլորտին 10 մլրդ դրամի օժանդակության մասին։