Դեկտեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 9,25%, տեղեկանում ենք ԿԲ պաշտոնական կայքից:
2023 թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.5%: 12-ամսյա բնականոն գնաճը հոկտեմբերին կազմել է 0.0%:
ԿԲ պաշտոնական կայքի տվյալներով՝ չորրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակում է դանդաղել: Դա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների և համաշխարհային գնաճի տեմպերի նվազմամբ: Նման իրավիճակում գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կպահպանեն հարաբերականորեն զսպող դրամավարկային պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են գնանկումային ազդեցություններ, նշել է ԿԲ-ն:
Չորրորդ եռամսյակում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվություն, որին նպաստում են շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը: Արտաքին պահանջարկը դանդաղում է, իսկ ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր: Վերջինս հիմնականում արտահայտվում է մասնավոր սպառման բարձր աճով: Նշվում է, որ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:
Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2023 թ. դեկտեմբերի 26-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2023 թ. չորրորդ եռամսյակի ծրագրում), նշված է կայքում: