Հայկական Taco LLC ընկերությունն ընդգրկվել է Ճապոնիայի պատժամիջոցների ցանկում՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետ, հայտնում է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Երևանում գրանցված ընկերության համար արտահանման արգելքները կգործեն դեկտեմբերի 27-ից։ Սահմանափակումները կվերաբերեն նաև 57 կազմակերպությունների Ռուսաստանից, երկուսական՝ ԱՄԷ-ից և Ուզբեկստանից, մեկը՝ Սիրիայից։
Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում Ճապոնիան առաջին անգամ սահմանափակող միջոցներ է կիրառել այն կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ ճապոնական կողմի, օգնում են Ռուսաստանին շրջանցել հակառուսական պատժամիջոցները։
Ճապոնիայի կառավարության պատժամիջոցները վերաբերում են 35 ֆիզիկական անձանց, 100 ընկերությունների Ռուսաստանից, ինչպես նաև յոթ ընկերությունների Հայաստանից, ԱՄԷ-ից, Սիրիայից և Ուզբեկստանից, դրանք բաժանված են մի քանի ցուցակների։
Նոյեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին, հայտարարել էր, որ վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից երկրորդային պատժամիջոցների տակ հայտնված հայկական ընկերություններ չկան։ Նա նշել էր, որ դա իր ղեկավարած նախարարության աշխատանքի արդյունքն է։