ԵԱՏՄ-ի հետ առևտուրն անցած տարվա համեմատ աճել է 41 տոկոսով, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ առևտրի ծավալը հասել է մոտավորապես 5,7 միլիարդ դրամի։
«Առևտուրը բոլոր երկրների հետ արագ աճել է։ Կարող եմ ասել, որ ՌԴ-ի հետ աճի տոկոսն ամենացածրերից մեկն է, եթե ոչ ամենացածրը։ Այն էապես աճել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Քանի որ տրադիցիոն Ռուսաստանը մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է, նույնիսկ փոքր աճը մեծ թիվ է կազմում»,- ասել է նախարարը՝ չնշելով հստակ թվեր։ «5,7 միլիարդից 5-ը գուցե Ռուսաստանը լինի»,- նշել է նա։
Քերոբյանի խոսքով՝ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտահանման շուկան։ «Ցանկացած երկրի, ցանկացած գործընկերոջ հետ առևտրաշրջանառությունը չպետք է գերազանցի առևտրի 20 տոկոսը։ Այդ պարագայում է, որ ռիսկեր կլինեն։ Հակառակ դեպքում, եթե դուք ունեք ռեստորան, որն ունի մի հաճախորդ, ապա ինչքան էլ լավը լինի այդ մի հաճախորդը, կարող է մի օր չգալ ձեր ռեստորան, և դուք ուղղակի փակվեք»,- պարզաբանել է Քերոբյանը։
Անդրադառնալով Լարսի անցակետում ստեղծված խնդիրներին՝ Քերոբյանն ասել է, որ հարցը քաղաքական ենթատեքստ չունի։ «Շատ կարևոր է, որպեսզի հայկական ապրանքը լինի այնքան լավը, որպեսզի բազմաթիվ շուկաներին հասանելիություն ունենա, և մենք որևիցե կախվածություն չունենանք որևէ երկրի շուկայից»,- ասել է նախարարը։
Դա, ըստ նրա, վերաբերում է ոչ միայն արտահանմանը, այլ նաև ներմուծմանը։ Քերոբյանի խոսքով՝ նաև ՌԴ շահերից է բխում, որ Հայաստանն ունենա դիվերսիֆիկացված տնտեսական համակարգ։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր ՀՀ-ից ապրանքների մատակարարման խախտումների թվի ավելացման մասին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի և Սփյուռքի հայերին կոչ էր արել գնել բացառապես Հայաստանում արտադրված ապրանքներ։ Հարությունյանն այսպես էր մեկնաբանել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների հետ կապված իրավիճակը։
Նոյեմբերի 27-ին «Export Armenia» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Armenia Today-ին մեկնաբանել էր իրավիճակը Վերին Լարսի անցակետում, որով Հայաստանից բեռները գնում են Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակման հետ կապված իրավիճակը Ստեփանյանը կապել էր Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունների հետ։ Ասոցիացիայի համահիմնադիրն ասաց, որ Հայաստանը պետք է փոխի ռուսական շուկան և իրացման շուկաներ փնտրի այլ երկրներում։