Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ ամանորյա միջոցառումների կազմակերպման և քաղաքը զարդարելու ընդհանուր բյուջեն կազմել է 419,5 մլն դրամ։ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման համար քաղաքապետարանը ծախսել է 226,5 մլն դրամ։
Տոնածառի լույսերը վառելու արարողությունը, ըստ Քաղաքապետարանի ներկայացուցչի, արժեցել է 89 մլն դրամ, իսկ Հանրապետության հրապարակի շատրվանը զարդարելու համար քաղաքային իշխանությունները ծախսել են 79 մլն դրամ։
Քաղաքապետարանի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ քաղաքային իշխանությունները 25 մլն դրամ են ծախսել համերգների կազմակերպման վրա, որոնք նախատեսվում է անցկացնել Երևանի 2750-ամյակի այգում, որտեղ անցկացվելու է ամանորյա տոնավաճառը։ Այգու բեմում ելույթ կունենան Սրբուկը, Jazz for the Kids-ը, Kami Friends Project-ը, «Լավ Էլի» բենդը և այլոք։
Դեկտեմբերի 6-ին «Սինեմարտ» ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի հետ ավելի քան 200 միլիոն դրամի (մոտ 500 հազար դոլար) պայմանագիր է կնքել քաղաքի ամանորյա լուսավորության համար։
Դեկտեմբերի 16-ին Armenia Today-ը հարցում էր անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն այդքան գումարի տրամադրման մասին և որքանո՞վ են այն ճիշտ համարում՝ հաշվի առնելով Հայաստան-Արցախ իրավիճակը։
Դեկտեմբերի 19-ին վառվել են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որն ուղեկցվել է համերգային շոու-ծրագրով և շքեղ հրավառությամբ։