Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոխ չի պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ և վստահ է, որ այս երկիրը հավատարիմ կմնա իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։ .
Երկրի ղեկավարին հարցրել են, թե դժգոհություն կա՞, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է եկել ԵԱՏՄ գագաթնաժողովին, սակայն նախկինում չէր մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Ի՞նչ եք ասում, սրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի դրա մասին: Ես այն ժամանակ ասացի, որ նա թռչելու է Սանկտ Պետերբուրգ: Երբ խոսեցի նրա հետ, ասացի՝ «Նիկոլ Վովաևիչ, դու կթռչե՞ս Սանկտ Պետերբուրգ»: Նա ասել էր՝ «Դե, սա այլ ձևաչափ է՝ տնտեսական։ Մենք վիրավորված ենք ռազմաքաղաքականից՝ ՀԱՊԿ-ից, սա տնտեսական է»: Հետևաբար, ես գիտեի, որ նա թռչելու է Սանկտ Պետերբուրգ: Եվ դրանում ես նրան աջակցում էի այն ժամանակ, աջակցում եմ նաև հիմա: Ի՞նչ վիրավորանք այստեղ»,- պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լրագրողները հետաքրքրվել են Լուկաշենկոյից՝ «Մենք չե՞նք կորցնի Հայաստանը մեր ընկերների ցանկից»։
«Եթե Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, ապա մենք կարող ենք կորցնել այն։ Բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են, նրանք խելացի մարդիկ են։ Այնպես որ, ոչ, ես դրա մասին չեմ էլ մտածում կամ անհանգստանում: Ես վստահ եմ, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնա»,- պատասխանել է նա:
Նոյեմբերի 14-ին Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների Մինսկում կայացած հանդիպումներին մասնակցությունից հրաժարվել էին նաև Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը։
Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս էր հայտնել, որ Փաշինյանը կմասնակցի տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին։ Նոյեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Փաշինյանի հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին և կոչ էր արել կոնկրետ քայլեր ձեռնարկել։