«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ընդգրկվել է Forbes-ի 2023 թվականի ամենահարուստ ռուսների վարկանիշային աղյուսակում:
110 ռուս միլիարդատերերի ցուցակում Կարապետյանն զբաղեցրել է 48-րդ տեղը, նրա կարողությունը գնահատվում է 2,7 միլիարդ դոլար: 2022 թվականին Սամվել Կարապետյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 82-րդ տեղը, նրա կարողությունը գնահատվել է 1,1 միլիարդ դոլար։
Հրատարակությունը գրում է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի բիզնեսի հիմնական ոլորտներն են անշարժ գույքը, շինարարությունը, էներգետիկան, ֆինանսները, շինանյութերի արտադրությունը, ռեստորանային բիզնեսը։ Խմբի կազմում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
Նշենք, որ 2019 թվականին Սամվել Կարապետյանը հիմնել է Հայ գործարարների ասոցիացիան՝ նպատակ ունենալով ստեղծել արդյունավետ բիզնես միջավայր աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ ձեռներեցների համար։
«ЭЛСИ» ածուխային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալբերտ Ավդոլյանը 2023թ. նույնպես Forbes-ի վարկանիշային ցուցակում է ներառվել: Նա ցուցակում զբաղեցրել է 56-րդ տեղը՝ 2,2 մլրդ դոլար կարողությամբ։ Հրապարակման համաձայն՝ Ավդոլյանին է պատկանում ածխային ակտիվներ կառավարող «ЭЛСИ» ընկերությունը, որն ակտիվներ ունի Սիբիրում, Հեռավոր Արևելքում, ինչպես նաև Յակուտսկի վառելիքաէներգետիկ ընկերությունը։
Անցյալ տարի վարկանիշային աղյուսակ է վերադարձել նաև գործարար Արտեմ Խաչատրյանը։ Նա ցուցակում զբաղեցրել է 63-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է 2,1 մլրդ դոլար։ Հրատարակության տվյալներով՝ նա ունի 35,76% բաժնետոմս «Fix Price» ցածր գներով խանութների ցանցում, որը ձեռնարկատերն ստեղծել է 2007 թվականին Սերգեյ Լոմակինի հետ միասին։ 2023 թվականի վերջին հայտնի էր դարձել, որ Խաչատրյանը վաճառել է «Fix Price»-ի իր մասնաբաժինը և լքել ընկերության տնօրենների խորհուրդը։