Հայաստանի իշխանությունները 3,5 մլրդ դրամի վարկ կտրամադրեն GTB Steel ընկերությանը՝ Երասխի մետալուրգիական գործարանն Արարատ տեղափոխելու համար։ Որոշումը կայացրել է կառավարությունը հունվարի 11-ի նիստում։
Ընկերության փաստաթղթերի համաձայն՝ Երասխում գործարանի ընդհատված շինարարությունն արժեցել է մոտ 2 մլրդ դրամ։ Այդ ծախսերը հոգալու և Արարատում գործարան կառուցելու համար GTB Steel-ը չորս տարի ժամկետով տարեկան 8% վարկ կստանա։
Որոշման նախագծում նշվում է, որ կառավարությունը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին հաստատել է Արարատի մարզի Արարատ գյուղում մետալուրգիական գործարանի կառուցման ներդրումային ծրագիրը և համաձայնություն է տվել հողատարածքը հանձնել GTB Steel-ին։ Այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ ընկերության կողմից Երասխում գործարանի շինարարությունը դադարեցվել էր մի շարք հանգամանքների բերումով (Ադրբեջանի ԶՈւ կողմից տարածքի պարբերաբար գնդակոծում):
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ գործարանում կստեղծվի մոտ 500 աշխատատեղ, իսկ առաջին փուլում՝ մոտ 240, մետալուրգիական կոմբինատի տարեկան շրջանառությունը գնահատվում է 200-250 մլն դոլար, առաջին փուլում նախատեսվում է գործարան կառուցել տարեկան 100-120 տոննա հզորությամբ սև մետաղի ջարդոնի վերամշակման համար: Երկրորդ փուլում նախատեսվում է ծավալների կրկնապատկում։ Կսկսվի նաև մետաղական կոնստրուկցիաների (խողովակներ, տարաներ և այլն) արտադրության գործարանի կառուցումը։
2023 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը տեղափոխել Երասխ։ Գործարանն այլ վայր տեղափոխելու մտադրության մասին հայտարարել էր 2023 թվականի հոկտեմբերի 31-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Վահան Քերոբյանը։