Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ու Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին, որով Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար կտրամադրեն 60 մլն եվրոյի չափով վարկ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հայտնել է, որ ըստ նախագծի՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները:
Նախագծով նախատեսում են կառուցել Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերը, որով ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս։ Բացի այդ, նախագծով Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է։
Համաձայնագրով նախատեսված ծրագիրը, ըստ ՏԿԵ-ի, կավարտվի 2027-ի սեպտեմբերի 30-ին։ Ըստ համաձայանգրի՝ վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028-ի մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել Հայաստանի և ԱԶԲ-ի միջև:
Հայաստանի Հանրապետությունը և ԱԶԲ-ն համաձայնագիրն ստորագրել են 2023-ի նոյեմբերի 27-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։