Կառավարությունը նիստում որոշում է ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության 12․5 տոկոս բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու մասին։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի խոսքով՝ որոշումն ընդունվել է առանց կառավարության մասով որևէ պարտավորության, պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2023թ․ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով։
«Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել ընկերության կանոնադրական կապիտալի 12․5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց կառավարության մասով որևէ պարտավորության։ ՀՀ-ն կընդունի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12․5 տոկոսը, ասինքն՝ 12 503 հատ թվով բաժնետոմս։ Նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը»,- ընդգծել է փոխնախարարը։
Նա հայտնել է, որ հուշագրով նաև նախատեսվում է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։ Ծրագրի արդյունավետ իրագործման համար ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 մլն դոլարի չափով ներդրումներ կատարել, ծրագրի շինարարության ընթացքում վճարվող բնապահպանական հարկից հանքի շահագործումից ազդեցություն կրող (ազդակիր) համայքներին բնապահպանական ծրագրից մասհանումներից բացի տրամադրել նաև 7 մլն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն։
Տվյալ դեպքում ազդեցություն կրող համայնքներն են Ջերմուկը, Սիսիանը, Վայքը։
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին և եղել են բազմաթիվ մտահոգություններ։ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում և լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար։ Հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ և կառավարությունը որպես բաժնետեր այս հարցում կլինի հետևողական»,- ավելացրել է վարչապետը։
2020թ․ ամռանը Ամուլսարի շահագործման շուրջ բուռն քննարկումներ էին ընթանում, սարի մոտ երկար ժամանակ հերթապահում էին Ամուլսարի պահապանները։ 2023թ․ փետրվարի ՀՀ կառավարությունը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ:
2023թ․ մարտին ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ դեմ էին արտահայտվել Ամուլսարի հանքավայրի շահագործմանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ կառավարությունը չի տրամադրել շրջակա միջավայրի վրա ծրագրի ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննություն, ինչպես նաև հաշվի չի առել 2019 թվականին պետբյուջեի հաշվին ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։