«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Viva-MTS ապրանքանիշ, ռուսական MTS-ի դուստր ձեռնարկություն) ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ ընկերության նոր բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադիր է իր բաժնետոմսերի 20%-ն անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, տեղեկացնում են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից։
Ընկերությունում նշել են, որ Վիվա-ՄՏՍ-ը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել, և նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:
Տեղեկացնում են, որ Վիվա-ՄՏՍ-ի կառավարումը կշարունակի իրականացնել ներկայիս ղեկավար թիմը՝ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ:
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ից շեշտել են, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանցված ընկերություն է, որի վերջնական շահառու սեփականատերերն են Չժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը, որոնք տնօրենների խորհուրդ ձևավորելու համար թիմ են հավաքել։
Կիպրոսյան ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստանը» գնելու ցանկության մասին 2023-ի նոյեմբերի 13-ին գրել էին ԶԼՄ-ները։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հավանություն էր տվել գործարքին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ՀԾԿՀ-ին տեղեկացրել էին, որ գործարքի առնչությամբ առարկություններ չկան, իսկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նույնպես ընկերության վաճառքի վերաբերյալ մեկնաբանություն չունի։ Միաժամանակ, 2023-ի ապրիլին հանձնաժողովը մերժել էր «ՄՏՍ Հայաստան»-ը նույն ընկերությանը վաճառելու նմանատիպ հայտը։