Հայկական Fly Arna ավիափոխադրողը հայտարարել է թռիչքների դադարեցման մասին, հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը: Որպես թռիչքների դադարեցման պատճառ՝ նշում են «օպերացիոն փոփոխությունները»՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը:
«Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը 2023թ. դեկտեմբերի 1-ին հայտնել էր, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլևս Հայաստանից չվերթեր չի իրականացնելու կազմակերպչական և ֆինանսական խնդիրների, մասնավորապես, Պետական վերահսկողական ծառայության կողմից հայտնաբերված ակնհայտ խախտումների պատճառով: Ըստ պարբերականի՝ «ընկերության ձախողումը կապվում է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է եղել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում»:
Ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող: