Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է, ասուլիսի ժամանակ հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«2023 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0,6։ 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով -0,4»,- նշել է Գալստյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել:
«Միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է, և համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է։ Այնուամենայնիվ, գործընկեր երկրներում աշխատաշուկայի դրական զարգացումները շարունակում են նպաստել պահանջարկի ընդլայնմանը»,- հավելել է Գալստյանը։
Ըստ ԿԲ նախագահի՝ 2024 թվականի սկզբին Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրացմամբ պայմանավորված՝ արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ և ձևավորվել են առաջարկի արժեշղթաների խաթարման ռիսկեր:
«Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- ասել է նա։
4-րդ եռամսյակում, Գալստյանի խոսքով, ՀՀ-ում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտների բարձր աճը։ Արտաքին պահանջարկն էլ, ըստ ԿԲ նախագահի, որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպի նվազման հաշվին։
Նա հավելել է, որ 2024 թվականի հունվարի 30-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնել 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 8,75 տոկոս։
Մանրամասները՝ տեսանյութում։