Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմի նիստում նշել է ԵԱՏՄ 2024 թվականի առաջնահերթ խնդիրները։
Նրա խոսքով՝ հիմնական տնտեսական ցուցանիշների և Միության անդամ երկրների միջև փոխգործակցության սկզբնական հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի հետագծով։
«2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի համեմատ աճել է 39 տոկոսով և կազմել մոտ 7,8 միլիարդ դոլար, միևնույն ժամանակ՝ արտահանումը կաճի 40,8 տոկոսով, իսկ ներմուծումը` 37,5 տոկոսով»,- ասել է ՀՀ ղեկավարը։
Նա կարծում է, որ այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրներից պետք է դիտարկել արդյունաբերական համագործակցության ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների միջսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը։ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների հստակ միասնական մոտեցում չկա էներգառեսուրսների՝ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հարցում։
«Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, առանց բացառության, ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը մի շարք առանցքային առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,- ընդգծել է նա։ Այս համատեքստում Փաշինյանը մատնանշել է, որ Միության երկրների միջև երկխոսությունը պետք է ուղղված լինի այս հարցում փոխզիջումային պայմանավորվածություններ գտնելուն։
Հայաստանի վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ մարմիններում իր նախագահության շրջանակներում կշարունակի ջանքեր գործադրել չորս ազատությունների գործնական նվաճմանն ուղղված նախաձեռնություններին՝ ի շահ երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։
Նա ողջունել է տրանսպորտի ոլորտում ԵԱՏՄ ընթացիկ օրակարգի շրջանակներում իրականացվող և ծրագրված փոխշահավետ համատեղ նախագծերի զարգացման ուղղությամբ աշխատանքի ակտիվացումը։
«Սա, անկասկած, դրական կանդրադառնա միջտարածաշրջանային տնտեսական փոխգործակցության մակարդակի վրա և կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը»,- եզրափակել է Փաշինյանը։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն, իր հերթին, ասել է, որ ԵԱՏՄ-ում՝ իր նախագահության ընթացքում, Հայաստանի առաջարկած առաջնահերթությունները համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ։
«Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել իմ հայ գործընկերներին։ Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք ձեր կողմից առաջարկվող ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք հիմնականում համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ»,- ընդգծել է Միշուստինը։
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար։ Հայաստանը ԵԱՏՄ մարմինների նախագահությունն ստանձնել էր 2024 թվականի հունվարի 1-ից և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։