Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Վերին Լարսում պարբերաբար առաջացող կուտակումներին և հայկական բեռնափոխադրող ընկերությունների դժգոհություններին։
«Խնդիրն, իրականում, այդքան լուրջ չէ, ընկերությունները կարող են հարմարվել։ Գիտեք, որ տարբեր երկրներում տարբեր ստանդարտներ են փոխվում, նոր պայմաններ են առաջադրվում։ Բայց հիմա մենք խրախուսում ենք մեր արտահանողներին և բեռնափոխադրողներին, որ դեպի այլ շուկաներ գնան։ Մենք ջանք ենք ներդնում, որպեսզի ընկերությունները մի քանի կամ բազմաթիվ շուկաներում կարողանան իրենց ապրանքը վաճառել։ Այդ առումով ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, ասիական շուկաներում մասնակցում ենք տարբեր տեսակի ցուցահանդեսների։ Մեր ջանքը մեծ մասամբ ներդնում ենք արտաքին առևտրաշրջանառության դիվերսիֆիկացիայի վրա»,- հավելել է Քերոբյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը՝ կարո՞ղ է բերել գեթ մեկ տնտեսվարողի օրինակ, որն այդ քաղաքանությունից գոհ է, Քերոբյանն ասել է, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է ավելի քան 46%-ով։
«Դա ապացուցում է, որ ձեր պնդումը ճիշտ չէ։ Մեր աշխատանքն այսօր այն ուղղությամբ է, որպեսզի ընկերությունները դիվերսիֆիկացնեն իրենց առևտուրը։ Ինչ վերաբերում է բեռնափոխադրողներին, ապա մենք բոլորի հետ էլ, կարելի է ասել, ամենօրյա կապի մեջ ենք։ Դժգոհ եմ, բայց լուծումներ կան, այնպես չէ, որ դա այնպիսի խնդիր է, որն անլուծելի է կամ անհնարին է դարձրել բեռնափոխադրումները Վրաստանի տարածքով»,- եզրափակել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։