Հունվարին Հայաստան է այցելել 154 հազար զբոսաշրջիկ, ինչը 5 հազարով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով գերատեսչության զբոսաշրջային պորտալի՝ The Hidden Track-ի տվյալները։
Զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան է ժամանել Ռուսաստանից (45%)։ Ժամանողների թվով երկրորդ տեղն զբաղեցնում են Վրաստանից ժամանած զբոսաշրջիկները (13%): Զբոսաշրջային մեծ հոսք ունեցող երկրների հնգյակում են նաև Իրանը (6%), Հնդկաստանը (3%) և Ֆիլիպինները (2%):
Ըստ տվյալների՝ ժամանածների մոտ 33%-ը 35-44 տարեկան անձինք են։
2023 թվականի դեկտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր 2018-2023 թվականների ընթացքում դեպի Հայաստան ամենամեծ զբոսաշրջային հոսք ունեցող երկրների թոփ հնգյակը։ Այդ ցուցակում էին Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ն և Գերմանիան: Նախարարության տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքը 2023 թվականին կրկնապատկվել է՝ կազմելով 1 036 365 զբոսաշրջիկ՝ 2018 թվականի 531 466-ի համեմատ։