Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը հանել է առաջիկա ավագանու նիստի օրակարգից, իր Facebook-յան էջում գրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ խնդրել է քաղաքապետարանին նիստի օրակարգից հանել հարցը՝ «նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»։
«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը»,- ասել է նա։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեբերի 1-ից։ Նախագծով տրանսպորտի սակագները բարձրանում են, ինչը քննադատությունների առիթ էր դարձել։
Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է նաև մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։