«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը գնահատել է Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկած տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը՝ նշելով, որ առաջարկվող պայմանները համարժեք չեն իրավիճակին։
Նախագծի մասին Armenia Today-ը փորձագետի հետ զրուցել է փետրվարի 8-ին, երբ այն դեռ ընդգրկված էր Երևանի ավագանու նիստի օրակարգում։ Փետրվարի 9-ին Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր նախագիծն օրակարգից հետ կանչելու և լրամշակման նպատակով նոր քննարկում իրականացնելու մասին՝ հաշվի առնելով քննադատությունները։
Փորձագետը նշեց, որ հարցեր են առաջացնում տարեկան փաթեթների հաշվարկների, առաջարկվող գնի ու որակի հարաբերակցության տեսանկյունից։
«Օրինակ՝ սահմանել են տարեկան 1000 անգամ ուղևորության փաթեթ, բայց, իրականում, մարդը տարեկան կտրվածքով 1000 երթևեկություն չի ունենում։ Մեզ մոտ միջինում այդ թիվը մոտ 500 է։ Երկրորդ խնդիրը տրանսպորտում նստատեղերի առկայությունն է։ Այս պահի դրությամբ՝ տրանսպորտում նստատեղերի քանակը խիստ անբավարար է, գոնե կրկնակի պետք է ավելանա, որ տրանսպորտը համապատասխանի նախագծով սահմանված սակագներին»,- ասաց փորձագետը։
Փորձագետը նաև մատնանշեց մեկ ուղևորության գնի կտրուկ՝ կրկնակի բարձրացումը:
«Բավականին բարձր սակագին են առաջարկել։ Այս նախագծով օրական միջինում 300 դրամ ենք ստանում։ Այսինքն՝ միջինում կթանկանա 50-100 տոկոսով։ Քաղաքապետարանում պարզաբանել են՝ տրանսպորտի սակագինը դոտացվում է, որ գնի մոտավորապես կեսը բյուջեից է վճարվում։ Հիմա այդ բեռը քաղաքացիների ուսերին դնելու փորձ կա»,- հավելեց նա։
Միքայելյանի դիտարկմամբ՝ նախագիծը կազմելիս նաև հաշվի չեն առել բնակչության գնողունակությունը։
«Օրինակ՝ տարեկան փաթեթն արժե 110 հազար դրամ, մինչդեռ քաղաքացիների զգալի մասի աշխատավարձը հարկերը վճարելուց հետո 110 հազարից մի քիչ ավել, մի քիչ պակաս է կազմում։ Ստացվում է՝ մարդիկ իրենց մեկ ամսվա աշխատավարձը պետք է տան տրանսպորտին։ Իհարկե, կարող են գնել եռամսյակային կամ այլ փաթեթներ, բայց, ըստ էության, այդ տարբերակով ավելի թանկ կարող է ստացվել, ինչը ևս խնդրահարույց է։ Այս դեպքում չպետք է գործի «որքան շատ տոմս գնես, այնքան ավելի էժան կերթևեկես» սկզբունքը։ Կստացվի՝ ավելի գնողունակները, բարձր եկամուտ ստացողներն ավելի քիչ են վճարելու տրանսպորտի համար, ինչը կրկին խնդրահարույց է։ Հայտարարել են, որ խոցելի խմբերի համար ավելի ցածր գներ են լինելու, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել, որ բացի խոցելի խավերից՝ կան միջին և միջինից ավել ցածր եկամուտներ ունեցողներ»,- նշեց փորձագետը։
Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել մարդկանց միջին եկամուտը ու դրանից ելնելով հաշվարկել ուղեվարձի գները։
«Պետք է գիտակցել, որ սակագինը, որն արդեն 20 տարի չի փոխվել, մնացած ծառայությունների ու ապրանքների գնաճը հաշվի առնելով՝ անխուսափելիորեն պետք է բարձրանար։ Պարզապես մարդկանց համար շատ դժվար է առաջարկվող գինը վճարել։ Ավելի ազնիվ կլինի գինը բարձրացնել, բայց մարդը վճարի ոչ թե փաթեթների, այլ յուրաքանչյուր ուղևորության համար։ Պետք է մեկ ուղևորության գին սահմանել ու մարդն ամեն անգամ հենց ադ մեկ ուղևորության գինը վճարի»,- ընդգծեց փորձագետը՝ բերելով Վրաստանի օրինակը, որտեղ մարդիկ ունեն քարտեր, որոնց մեջ գումար են գցում ու ամեն անգամ տրանսպորտից օգտվելուց հենց այդ քարտից է գումար գանձնվում։
«Ուղևորությունների քանակների հետ կապված մոտեցումն անազնիվ է, որովհետև մարդը տարեկան 1000 անգամ չի օգտվում տրանսպորտից, ինչի պարագայում գինը ոչ թե 106 կամ 112, այլ ավելի քան 200 դրամ կլինի»,- նկատեց փորձագետը։
Փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը հանել էր առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ այն «ավելի համապարփակ քննարկելու նպատակով»։ Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեբերի 1-ից։ Նախագծով տրանսպորտի սակագները բարձրանում են, ինչը քննադատությունների առիթ էր դարձել։
Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ փոխքաղաքապետը հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է նաև մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։
Տրանսպորտի թանկացման մասին Armenia Today-ի հարցումը՝ հետևյալ հղումով։
Մանրամասները՝ տեսանյութում:
Աննա Բադալյան