Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից պահանջվող F-16 կործանիչների մատակարարումը կարող է ձգձգվել մինչև 2028 թվականը՝ պատվերների մեծ քանակի պատճառով, հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ անդրադառնալով փետրվարի 11-ին ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ մատակարարելու գործարքի հաստատմանը։
«Այժմ բանակցություններ կսկսվեն արտադրողի և համապատասխան հաստատությունների միջև։ Նոր կործանիչների մատակարարումը կարող է ձգձգվել պատվերների մեծ քանակի պատճառով»,-հայտնել են ԶԼՄ-ները։
Փետրվարի 11-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ Կոնգրեսը չի առարկել Թուրքիային ամերիկյան արտադրության F-16 կործանիչների վաճառքի գործարքին։ ԱՄՆ Պետդեպը հունվարի 26-ին Կոնգրեսին պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային նոր 40 F-16 Block 70 կործանիչներ վաճառելու և Թուրքիայի սպառազինության մեջ արդեն գոյություն ունեցող 79-ը կործանիչների արդիականացման վերաբերյալ:
ԶԼՄ-ները հայտնել էին, որ F-16-ի հարցում քայլեր կարվեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի լուծումից հետո: Հունվարի 26-ին Թուրքիան պաշտոնապես ավարտել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման գործընթացը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 25-ին երկրի Կոնգրեսին կոչ էր արել «առանց հապաղելու» հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին: 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով, որոնք արդեն երկրի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են։