Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևին և քննարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հայտնել են կառավարությունից։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին և ծրագրերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը և տնտեսական զարգացումներին առնչվող թեմաների շուրջ:
Փետրվարի 2-ին Փաշինյանն Ալմաթիում նախագահել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
2024-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունն ստանձնել է Հայաստանը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։