Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը խոսել է Երևանի տրանսպորտային բարեփոխումների նախագծի լրամշակման մասին։ Նա ընդգծել է, որ տրանսպորտի նոր շարժակազմը ենթադրում է նոր՝ ավելի բարձր սակագին։ Տոմսային փաթեթներից կհանվեն սահմանափակումները, կլինեն սուբսիդավորվող փաթեթներ արտոնյալ խմբերի համար։ Նա հայտարարել է, որ քաղաքապետարանը կվերանայի առաջարկվող նախագիծը։
«Առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել, քանի որ մենք գործող շարժակազմը փոփոխել ենք և՛ համայնքային միջոցներով, և՛ սուբսիդավորմամբ՝ համայնքային բյուջեից»,-ասել է փոխքաղաքապետը։
Փոխքաղաքապետը նշել է, որ ոլորտը պետք է այնպես կարգավորեն, որ այլևս սուբսիդավորման կարիք չլինի։
«Սուբսիդավորման չափը մետրոպոլիտենում, տրոլեյբուսների և ավտոբուսների մասով նախորդ տարվա տվյալներով հասել է 7 մլրդ դրամի։ Այս թիվը աճելու միտում ունի, քանի որ քաղաքն անընդհատ համալրվում է նոր շարժակազմերով, իսկ նոր շարժակազմերը ենթադրում են նոր սակագներ»,-ընդգծել է Գրիգորյանը։
Նա հավելել է, որ իրենք քննարկում են, թե սակագնի որ հատվածն է վճարվելու ուղևորափոխադրումներից, որ մասը՝ համայնքային բյուջեից։
Գրիգորյանի խոսքով ՝ քննարկվում են արտոնյալ խմբերի քաղաքացիների համար նախատեսվող սակագները։
«Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը կամ պետք է նվազագույն չափով վերանայվի կամ չվերանայվի։ Այն անձինք, ովքեր հազվադեպ են օգտվում տրանսպորտից, օրինակ՝ զբոսաշրջիկները, նրանց ուղևորափոխադրումները չպետք է սուբսիդավորվեն։ Որոշումն ընդունելուց հետո հետո պարզ կլինեն արտոնյալ խմբերը: Համաշխարհային փորձով՝ արտոնյալ խմբերում, նախնական, կլինեն նաև ուսանողերն ու դպրոցականները»,-հավելել է նա։
Նա հավելել է, որ քննարկման առիթ է դարձել նաև սահմանափակումների հարցը։
«Մենք պետք է վերացնենք տոմսային փաթեթներից սահմանափակումների հարցը: Այսինքն, որ բոլոր այդ փաթեթների համար ուղևորությունները լինեն անսահմանափակ»,-հավելել է նա։
Փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը հանել էր առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ այն «ավելի համապարփակ քննարկելու նպատակով»։ Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեբերի 1-ից։ Նախագծով տրանսպորտի սակագները բարձրանում են, ինչը քննադատությունների առիթ էր դարձել։ Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ փոխքաղաքապետը հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է նաև մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։
Տրանսպորտի սակագնի սպասվելիք թանկացման մասին Armenia Today-ի հարցումը՝ հետևյալ հղումով։
Մանրամասները՝ տեսանյութում։