ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», փետրվարի 12-ին տեղեկատվություն է ստացել, ըստ որի «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո Վլադիկավկազ քաղաքի բնակիչը կերակրափողի այրվածքներ է ստացել, փաստի առնչությամբ հանքային ջրի առանձին խմբաքանակների իրացումը կասեցվել է։
Նշվում է, որ խմբաքանակները փաթեթավորված են 0,5 լիտր ծավալով ապակե տարայում և ներմուծվել են Ռուսաստանի Դաշնության տարածք 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում։ Դրանք արտադրված են եղել 2023-ի դեկտեմբերի 28-ին։
Հայտնում են, որ լրացուցիչ ծանուցումներ են ուղարկվել այն ընկերությունների անձնական գրասենյակներին, որոնց հաշվեկշռում նշված է տվյալ արտադրանքը։
Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն փետրվարի 12-ին իր տելեգրամյան ալիքում հայտնել էր, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել «Ջերմուկ» հանքային ջրի շշից մի կում խմելուց հետո։ Նա նշել էր, որ ջրի փոխարեն շշի մեջ քացախ է եղել։ Հանքային ջրի շշի մեջ պարունակվող հեղուկից կերակրափողի այրվածք ստացած տղամարդը մահացել էր փետրվարի 13-ին՝ հիվանդանոցում։