«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար կազմը փետրվարի 14-ին ներկայացրել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքը, հոսանքի անջատումների՝ վերջին 6 տարիների դինամիկան, առաջիկա ներդրումային ծրագրերը, 2023-ի պարտատոմսերի թողարկման և բաշխման արդյունքները։
Ներդրումներ, ավտոմատացված համակարգերով ապահովելու գործընթաց
Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարել է, որ 2023-ին ՀԷՑ-ը 32 մլրդ դրամի չափով պարտատոմսեր էր թողարկել դեկտեմբերի 11-ին, որոնք սպառվել էին, տեղաբաշխվել նախատեսված ժամկետից ավելի սեղմ ժամկետում 311 ներդրողների միջև, որոնցից 14-ն են միայն բանկեր։
«Թողարկել ենք ընդհանուր՝ 32 մլրդ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվել են նախատեսված ժամկետից ավելի սեղմ ժամկետում՝ բազմազան ներդրողներով: Ներդրումները բաշխվել են ըստ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների։ Բանկերի մասնաբաժինը 36․1 տոկոս է, 53 տոկոսը կենսաթոշակային հիմնադրամներն են, 10.8 տոկոսը՝ մանրածախ ներդրողները: 10․8 տոկոսի մեջ 14-ն ինստիտուցիոնալ ներդրողներն են, մնացած 297-ը ֆիզիկական և իրավաբանական այլ անձինք են»,- ասել է նա։
Հարությունյանը շեշտել է, որ սա խոշորագույն կորպորատիվ դրամային պարտատոմսերի թողարկումն է Հայաստանում։
Նրա խոսքով՝ այսքանով պարտատոմսերի տեղաբաշխումը չի ավարտվում և դրանք հնարավոր կլինի ձեռք բերել ֆոնդային բորսայում:
«Մեր տեղաբաշխումը չի ավարտվում, պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություններն արդեն կլինեն ցուցակում, բորսայում, և բոլոր ցանկացողները կկարողանան երկրորդային շուկայից ձեռք բերել մեր պարտատոմսերը: Բանկերը կատարելու են երկրորդային շուկայից ձեռքբերումներ, դրանք պետական պարտատոմսերի հետ կիրառվելու են որպես ռեպո գործիք, որպես կարճաժամկետ կամ երկարաժամկետ գրավի առարկա՝ պետական պարտատոմսերի հետ հավասար չափորոշիչներով»,- հավելել է Հարությունյանը։
Նա հայտնել է, որ 2017-ից ընկերության կողմից ներգրավված ներդրումների չափը, ընդհանուր առմամբ, կազմել է ավելի քան 680 մլն դոլար (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ներդրումները, նրա խոսքով, ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը։ Օրինակ՝ վերջին 7 տարիներին այդ ներդրումների միջոցով 41 (35/110 կՎ), 1265 (6/10, 0,4 կՎ) լարման ենթակայաններ են կառուցվել և վերակառուցվել, թվով 650 հաշվիչ փոխարինվել է նոր հաշվիչով, 80 հազար նոր բաժանորդ է միացել էլեկտարական ցանցին։
Գլխավոր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում չկա մի երկիր, որտեղ հնարավոր լինի 100 տոկոսով ավտոմատացված համակարգ ներդնել։
«Հարց է, թե այդ տեսանկյունից գյուղերում, բարձր լեռնային հատվածներում ներդրում կատարելն ի՞նչ տնտեսական էֆեկտ կունենա։ Երբեք որևէ տեղ 100 տոկոսով ավտոմատացված համակարգեր չեն եղել, բայց հիմա 1 միլիոնից 650 բաժանորդի համար ապահովել ենք և առաջիկա 3 տարիներին նախատեսում ենք ավարտել 80 տոկոսին այդ համակարգերով ապահովելու գործընթացը»,- շեշտել է նա։
Հոսանքի անջատումները նվազեցնելու միջոցառումներ, փոխհատուցում բաժանորդներին՝ անջատումների համար
ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է հոսանքազրկումների վերջին 6 տարիների դինամիկան, որը, ըստ նրա, նվազել է։ Մեկ տարվա ընթացքում մեկ բաժանորդի հաշվարկով 2023-ին հոսանքազրկման միջին տևողությունը կազմել է 9,28 ժամ։
«Եթե 2018-ին մեկ բաժանորդի դեպքում մեկ տարվա ընթացքում 14,72 ժամ անջատում էր գրանցվում, ապա 2023-ին անջատման ժամանակը կազմել է 9,28 ժամ։ 2018-ին վթարային անջատումները կազմել են 7,7 ժամ, 2023-ին՝ 4,31։ Այսինքն՝ վթարային հոսանքազրկումները մոտավորապես 50%-ով կրճատվել են»,-հայտնել է Գրիգորյանը։
Գլխավոր տնօրեն Հարությունյանը հայտնել է, որ ընկերությունը կշարունակի ջանքերը՝ հոսանքազրկումների նվազման համար՝ պատասխանելով Armenia Today-ի՝ հոսանքազրկումների հաճախականությանը նվազեցնելու ծրագրերի վերաբերյալ հարցին։
Ընկերության տեխնիկական տնօրենի խոսքով՝ տարվա ընթացքում բոլոր բաժանորդների հոսանքազրկումները ֆիքսվում են, և տարեվերջին քաղաքացիները հոսանք չունենալու դիմաց փոխհատուցում են ստանում։
«Անցած տարի, բացի ամսական անջատումները ֆիքսելուց ու փոխհատուցելուց, 27 մլնի չափով փոխհատուցում ենք իրականացրել 24 ժամ գումարային անջատումների համար»,- ընդգծել է տեխնիկական տնօրենը։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը նաև տեղեկացրել է, որ ընկերությունը մինչև 2500 դրամ փոխհատուցում է վճարում Երևանի բնակիչներին հոսանքազրկման յուրաքանչյուր դեպքի համար, եթե այն տևել է 4 ժամից ավելի, իսկ հանրապետության մարզերի բնակիչներին այդ փոխհատուցումը տրամադրվում է, եթե հոսանքազրկումը 8 ժամից ավելի է։
«Կարիք չկա տուգանքի համար դիմել ընկերությանը։ Մենք ավտոմատ հաշվում ենք և վճարում։ Այս պահի դրությամբ շուրջ 600 մլն դրամի տուգանքներ ենք վճարել բաժանորդներին»,- հավելել է Հարությունյանը։
Տեխնիկական տնօրենը նաև հավելել է, որ եթե տարիներ առաջ վթարային անջատումները վերացնելու աշխատանքները տևում էին 2 ժամ, հիմա այդ ժամանակահատվածը 20 րոպեով կրճատվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։