Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «տարօրինակ» է անվանել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը դադարեցնելու որոշումը:
Տեսչական մարմինն ընդգծել է, որ Ռուսաստանից բացի Ջերմուկն արտահանվում է ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ և բազմաթիվ այլ երկրներ, և 23 տարվա ընթացքում ՀՀ-ից արտահանված հանքային ջրից թունավորման ոչ մի դեպք չի արձանագրվել, ուստի «խիստ տարօրինակ է արտադրության ընթացքի մեջ որևէ բացասական տեղաշարժ չլինելու պայմաններում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հնչեցված որոշումը», ասվում է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմինն ընդգծել է, որ Ռուսաստանից չի ստացել որևէ ծանուցում, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի վերահսկողական համապատասխան միջոցառումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրված յուրաքանչյուր խմբաքանակի նմուշները պահվում են:
«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել։ «Ջերմուկ» հանքային ջուրը Ռուսաստան է արտահանվում 2001 թվականից՝ աստիճանաբար ավելացնելով ծավալները՝ 350 000 լիտրից հացնելով տարեկան մինչև 15 273 000 լիտրի, իսկ յուրաքանչյուր ներմուծված խմբաքանակ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին»,- ասված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելել է, որ Ռուսաստանի գործընկերների հետ կձեռնարկվեն գործուն միջոցներ՝ նման որոշման կայացման հիմքերը պարզելու նպատակով:
Փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակիչներից մեկի կերակրափողի այրվածք ստանալու մասին հաղորդումից հետո։
Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն փետրվարի 12-ին Telegram ալիքով հայտնել էր, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածքն ստացել էր «Ջերմուկի» հանքային ջրի շշից մի կում խմելուց հետո։ Նրա խոսքով՝ ջրի փոխարեն նոր փակ շշի մեջ քացախ էր եղել։ Հանքային ջրի շշի մեջ գտնվող հեղուկից կերակրափողի այրվածք ստացած տղամարդը մահացել էր փետրվարի 13-ին՝ հիվանդանոցում։ Նույն օրը ՌԴ Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել։
Փետրվարի 14-ին՝ ի պատասխան Armenia Today-ի հարցման, «Ջերմուկ Գրուպը»-ը բացառել էր իրենց գործարանում շշալցված «Ջերմուկ» բնական հանքային բուժիչ-սեղանի խմելու ջրի շշի մեջ քացախաթթվի առկայությունը: Ընկերությունն իր հայտարարությունում ընդգծել էր, որ հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։