Հոսանքի անջատումների նվազման միտումը շարունակվելու է, էական բարելավում ենք ունենալու։ «Հայաստնաի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն այսպես է մեկնաբանել Armenia Today-ի՝ ընկերության կողմից կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անջատումների հաճախականությունը նվազեցնելու միջոցառումների մասին հարցը։
Նա նշել է հետագա տարիների համար կանախատեսվող դրական ցուցանիշների մասին։
«Որևէ համակարգ երաշխավորված չէ հոսանքազրկումներից, լարման շեղումներից, բայց վստահ եմ, որ մենք ունենալու ենք էական բարելավումներ, և անջատումների նվազման միտումը շարունակվելու է»,- ասել է Հարությունյանը։
Հարությունյանը նաև պատմել է ընկերության սոցիալական ծրագրերի մասին՝ մեկնաբանելով Armenia Today-ի հարցը, թե սոցիալական բնույթի ի՞նչ ներդրումային ծրագրեր է իրականացնում ընկերությունը: Նա ընդգծել է, որ սոցիալական նշանակության ծրագրերն ընկերությունն իրականացնում է «Տաշիր» բարեգործական ընկերության միջոցով։ Գլխավոր տնօրենը շեշտել է, որ այդ ծրագրերը շարունակական են և, առաջին հերթին, զոհված զինծառայողների ընտանիքների համար են։
«ՀԷՑ-ը «Տաշիր» բարեգործական ընկերության միջոցով մշտապես սոցիալական ծրագրեր է իրականացնում, որոնք շարունակական են է։ Հանձնաժողովը վերլուծում է սոցիալապես խիստ անապահով ընտանիքների տվյալները, որոշ խմբերի համար զեղչեր են սահմանվում։ Բացի այդ, զինծառայողների ընտանիքներին օգնություն ենք տրամադրում։ Խոսքն, առաջին հերթին, իհարկե, զոհված զինծառայողների ընտանիքների մասին է»,- հայտնել է գլխավոր տնօրենը։
Փետրվարի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ հոսանքազրկումները վերջին 6 տարիներին դինամիկ նվազել են։ Նա նշել էր, որ վթարային հոսանքազրկումները մոտավորապես 50%-ով կրճատվել են։
Մանրամասները՝ տեսանյութում։