«Ռոսպոտրեբնադզորը» քաղաքացիներին կոչ է արել տեղական իշխանություններին հայտնել, եթե պարզվի, որ «Ջերմուկ» հանքային ջուրը վաճառվել է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը 0,5 լիտր ծավալով ապակե տարաներով 2023 թվականի դեկտեմբերի 28-ի արտադրության ժամկետով «Ջերմուկի» վաճառքի դեպքերի մասին է։
Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս կասեցված է շուրջ 2,5 մլն շիշ հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը։ ««Ռոսպոտրեբնադզորի» աշխատակիցները մանրածախ առևտրի կետերում և հանրային սննդի օբյեկտներում ուժեղացրել են վերահսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ։ Ձեռնարկվել են բոլոր միջոցառումները՝ քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս չպատճառելու համար»,- գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը:
Ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «տարօրինակ» էր անվանել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին որոշումը։ Կարգավորողն ընդգծել էր, որ բացի Ռուսաստանից, «Ջերմուկը» արտահանվում է նաև ԱՄՆ, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ և այլն, և այս 23 տարիների ընթացքում այդ հանքային ջրով թունավորման ոչ մի դեպք չի գրանցվել:
«Ջերմուկ գրուպ» ընկերությունն, իր հերթին, հայտարարել էր, որ հանքային ջուրը լիովին համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչի մասին են վկայում «Ջերմուկի» այս խմբաքանակի ֆիզիկական և մանրէաբանական փորձաքննության արդյունքները։
Փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրվող «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ փետրվարի 12-ին այն խմելու պատճառով Վլադիկավկազի բնակիչներից մեկի կերակրափողի այրվածքի մասին հաղորդումներից հետո։ Տղամարդը մահացել էր փետրվարի 13-ին՝ հիվանդանոցում։ Նույն օրը ՌԴ Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել։