Աշխատանքային միգրանտների համար հարկեր սահմանելու մասին ՀՀ ՊԵԿ որոշումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական Կարիտաս ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Նա տեղեկացրել է, որ ՀՀ ՊԵԿ-ը ՌԴ-ում աշխատողներին հարկային պարտավորությունները խախտելու վերաբերյալ նամակներ է ուղարկել։
«2024 թվականին հունվարի 20-ից սկսած մեզ մի շարք ՀՀ քաղաքացիներ են դիմել, ովքեր 2022-23 թվականներին աշխատել են ՌԴ-ում և հունվարից սկսել են ՀՀ ՊԵԿ-ից նամակներ ստանալ, որ իրենք հարկային պարտավորություններ են խախտել Հայաստանում»,- ասել է փորձագետը։
Բեժանյանն ընդգծել է, որ իրենց դիմած բոլոր քաղաքացիները Ռուսաստանում աշխատել են օրինական և իրավական պայմանագրերով ու այնտեղ հարկեր են վճարել։
«Այդ քաղաքացիները տեղյակ չեն եղել, թե ՌԴ-ում իրենց վճարած հարկերի չափը որքան է եղել, որովհետև օրինական պայմանագիրը կնքել են գործատուի հետ, ով վճարել է նրանց հարկերը։ Այնուհետև ՀՀ-ում տեղեկացել են, որ չնայած հարկեր վճարվել են ՌԴ-ում, իրենք դարձել են ՀՀ-ի նկատմամբ հարկային պարտավորություններ խախտած անձինք»,- նշել է նա։
Բեժանյանի խոսքով՝ 2018 թվականին ԱՊՀ երկրներն Աստանայում հարկային տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, 2020 թվականի փետրվարին Հայաստանը վավերացրել է համաձայնագիրը և 2021 թվականից սկսել է ստանալ տեղեկատվություն ՀՀ այն քաղաքացիների մասին, ովքեր ԱՊՀ երկրներում են աշխատել, այնտեղ եղել են հարկատու և հարկեր վճարել։
«Քանի որ մեր աշխատանքային միգրացիայի հիմնական հոսքը ՌԴ-ն է, դրանով է պայմանավորված այնտեղ աշխատած մեր միգրանտների այս ծավալը, ովքեր ստացել են այսպիսի նամակներ»,- ասել է Բեժանյանը։
Նա հավելել է՝ եթե անձը ՌԴ-ում հանդիսանում է ռեզիդենտ, ապա վճարում է 13 տոկոս եկամտահարկ, իսկ եթե ռեզիդենտ չէ և 183 օրից պակաս է գտնվել ՌԴ-ում՝ վճարում է 30 տոկոս եկամտահարկ:
«Հարց է առաջացել՝ ինչպե՞ս է եղել, որ անձը ռեզիդենտ է եղել ՀՀ-ում, բայց ՌԴ-ում նրա համար գանձվել է ռեզիդենտի հարկ, ինչն էլ առաջացրել է այս խնդիրը։ Պարզվում է, որ մեր քաղաքացիներից գանձվել է 30-ի փոխարեն 13 %։ Եվ քանի որ ՀՀ-ում եկամտահարկն ավելի բարձր է, քան այդ 13 %-ն է, 2022 թվականի համար էլ 21 % է եղել, տարբերութունը՝ 8 %-ի չափով, հաշվարկել են մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկային խախտում»,- ասել է նա։
Բեժանյանի խոսքով՝ սա միակ խնդիրը չէ․ ՌԴ-ում աշխատած քաղաքացիները հարկեր չվճարելու համար ենթարկվում են տույժերի և պարտավորվում են վճարել յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0,4 %, չնայած նրանք տեղյակ չեն եղել, որ նման խախտում են արել։
Նա նաև տեղեկացրել է, որ իրենք խորհրդակցել են ռուս գործընկերների հետ և պարզվել է, որ խնդիրը ԵԱՏՄ համաձայնագրի մեջ է:
«Ըստ համաձայնագրի՝ անդամ երկրների քաղաքացիների համար, եթե նրանք կնքում են աշխատանքային պայմանագիր, միանգամից սկսում է գանձվել 13 %: Եվ եթե անձը հարկային տարվա ավարտից հետո է դուրս գալիս, հնարավոր է լինում վերահաշվարկ կատարել և այդ տարբերության 17 %-ը գանձել։ Բայց եթե եկամտային տարվա ընթացքում է դուրս գալիս գործատուի մոտից, գործատուն հնարավորություն չունի ճշտելու՝ այդ անձը նաև երկրի տարա՞ծքն է լքել, թե՞ միայն խզել է աշխատանքային պայմանագիրը»,- հավելել է նա:
Բեժանյանն ընդգծել է, որ քաղաքացիների համար դժվար է լինելու այդ հարկերը վճարել, որովհետև նրանք հիմնականում դրսում աշխատում են սոցիալական խնդիրները լուծելու համար:
«Իսկ մենք գիտենք, որ եթե անձն ունի պետության նկատմամբ պարտավորություն ու չի վճարում, գնալու է ԴԱՀԿ, գույքի նկատմամբ կալանք է լինելու։ Սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Իսկ այս մարդկանց մեծ մասն իսկապես ի վիճակի չեն վճարելու»,- նշել է նա
Փորձագետը խնդիրը լուծելու համար առաջարկում է առայժմ իրազեկել քաղաքացիներին և հաջորդ տարվանից նոր սկսել հարկել, իսկ հիմա, որպեսզի քաղաքացիները նման խնդրի առաջ չկանգնեն, խորհուրդ է տալիս 183 օրից ավելի գտնվել ՀՀ-ից դուրս։
Մանրամասները՝ տեսանյութում։