Bank of Georgia ընկերությունը հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը գնելու մասին։ Ընկերությունից պաշտոնապես հայտնել են, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսերը ձեռք է բերվել մոտ 303,6 մլն դոլարով:
««Ամերիաբանկի» բաժնետոմսերի 90%-ը ձեռք կբերվի գործարքի ավարտից հետո, բաժնետոմսերի 10%-ը կպահպանվի վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից»,- հայտարարել են բանկում։
«Այս գործարքը կարևոր հանգրվան է խմբի համար։ «Ամերիաբանկի» միջոցով մենք մտադիր ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը: «Ամերիաբանկում» աշխատում է հարգված և փորձառու կառավարման թիմ, և ես ուրախ եմ, որ գործարքի ավարտից հետո նրանք կմնան բանկում»,- նշել է BOGG-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Քարվիլը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը, հաջորդիվ գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Բանկից տեղեկացրել են, որ գործարքի վերջնական հաստատումից հետո Ամերիաբանկը կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո։
Բանկից հավելել են, որ գործարքի կապակցությամբ BOGG-ը նախաձեռնելու է վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը։
Բանկի հիմնական բաժնետերերն են Imast Group (CY) Limited-ը (48,82%), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71%), Ասիական զարգացման բանկը (13,91%), ESPS Holding Limited-ը (12,05%): «Ամերիաբանկ»-ի համահիմնադիր, բանկի խորհրդի անդամ է եղել գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ադրբեջանական իշխանությունների կողմից գերեվարվել է 2023-ի սեպտեմբերին: Վարդանյանը նաև «Տրոյկա Դիալոգի» համահիմնադիրն է, որը ռուսական առաջին ներդրումային-բրոքերային ընկերություններից մեկն է, ինչպես նաև Imast Group (CY) Limited-ն է պատկանում է Վարդանյանին:
Փետրվարի 15-ին Bank of Georgia-ն հայտնել էր «Ամերիաբանկի» գնման շուրջ բանակցությունների մասին: «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունը Armenia today-ին հաստատել էր, որ բանակցություններ են ընթանում։