Գեղարքունիքի մարզի բնակիչները պատրաստվում են ՊԵԿ-ի կողմից արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին հարկելու նախաձեռնության դեմ բողոքի ակցիաներ իրականացնել՝ պահանջելով չեղարկել օրենսդրական պահանջը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Փետրվարի 10-ին Հայկական Կարիտաս ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ահազանգել էր, որ ՊԵԿ-ը ՌԴ-ում աշխատողներին հարկային պարտավորությունները խախտելու վերաբերյալ նամակներ է ուղարկել։
Թերթը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի հատկապես Մարտունի խոշորացված համայնքի բնակիչներն են պատրաստվում ճանապարհներ փակել, քանի որ ամենաշատը նրանք են մեկնում արտագնա աշխատանքի։
Փետրվարի 10-ին Բեժանյանը հայտնել էր, որ քաղաքացիների համար դժվար է լինելու այդ հարկերը վճարել, որովհետև նրանք դրսում աշխատում են սոցիալական խնդիրները լուծելու համար: Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ նա նշել էր, որ այս պահին անհրաժեշտ է պարզապես իրազեկել քաղաքացիներին և հաջորդ տարվանից նոր սկսել հարկել նրանց։