Օտար երկրում եկամտի հարկ վճարած քաղաքացիներին կառավարությունը որոշ ժամանակով Հայաստանում չի հարկի, կառավարության փետրվարի 23-ի նիստի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ինչպես են ընթանում վերջին օրերին արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում եղած բողոքներից հետո օրենսդրական փոփոխությունների շուրջ աշխատանքները։
Բադասյանի խոսքով՝ արտագնա աշխատողների եկամտային հարկի մասով կգնան փուլային տարբերակի ճանապարհով, որով նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով մեղմել այն։ Նա հավելել է, որ աշխատանքային միգրանտների հարկումը համընդհանուր հայտարարագրման հռչակագրի իրականացման մաս է, որը ներդրվելու է 2026 թվականին։
«Կարծում ենք՝ կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով հիմա մեղմել և գնալ փուլային տարբերակով՝ հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ»,- ասել է Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ օբյեկտիվ դժգոհություններից մեկն այն է, որ եթե արտերկրում անձը չգրանցված աշխատանք է ունեցել, ապա այդ տեղեկությունը ՀՀ-ն չէր ստանալու և չէր իմանալու դրա մասին, հետևաբար՝ լրացուցիչ հարկային պարտավորություններ չէր առաջադրելու։
Բադասյանը հիշեցրել է, որ Հայաստանի հարկային օրենսդրության մեջ միշտ գործել է հետևյալ ընթացակարգը. Հայաստանի բնակիչները հարկեր են վճարել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ստացված եկամուտներից, բացառությամբ՝ կրկնակի հարկման պայմանագրերով նախատեսված դեպքերի։ Այնուամենայնիվ, չկային մեխանիզմներ, որոնք կապահովեին այս պահանջի կատարումը:
Փաշինյանը նշել է, որ դժգոհությունների օբյեկտիվ հատվածին, իհարկե, կարող են արձագանքել, բայց, ընդհանուր առմամբ, չեն կարող արձագանքել դժգոհությունների այն հատվածին, որը վերաբերում է նրան, թե մենք ինչու պետք է հարկ վճարենք։ Այս առումով Փաշինյանը խնդրել է ուշադրություն դարձնել հարկեր չվճարելու դեպքերին, օրինակ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից։
«Շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկեր, չվճարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն։ Ասում են՝ դե, Լոս Անջելեսում գնացել, համերգ ենք տվել, որտեղի՞ց եք մեկնել, ուրեմն Հայաստանում աշխատած հարկ վճարածների հաշվին ստեղծած ճանապարհից մի՛ օգտվեք։ Սա ի՞նչ վերաբերմունք է»,- ասել է Փաշինյանը։
Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը՝ դժգոհելով արտագնա աշխատողներին հարկելու մասին ՊԵԿ-ի որոշման դեմ։ Նրանք պահանջում էին ՊԵԿ-ից Հայաստանից դուրս ստացած եկամուտներից Հայաստանի բնակիչներից հարկեր գանձելու որոշումը չեղարկել։ Փետրվարի 22-ին ՊԵԿ-ը հայտարարել էր աշխատանքային միգրանտներին հարկերից ազատելու օրինագծի մշակման մասին։
Փետրվարի 10-ին Հայկական Կարիտաս ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ահազանգել էր, որ արտագնա մեկնած շուրջ 500 քաղաքացու ՊԵԿ-ը հարկեր և տույժեր վճարելու ծանուցումներ է ուղարկել։ Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ նա նշել էր, որ այս պահին անհրաժեշտ է պարզապես իրազեկել քաղաքացիներին և հաջորդ տարվանից նոր սկսել հարկել նրանց։